«Մեզ դուրս կմղեն շուկայից», բելառուսական էժան ու անորակ կարտոֆիլը կլցվի Հայաստան

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 21:26
Դիզվառելիքի թանկացման հետևանքով գյուղացիները գարնանից արդեն խնդրի առաջ կկանգնեն: Մասնագիտական հաշվարկներով՝ մեկ հեկտարի հաշվով ֆերմերների ծախսերը կավելանան 100 դոլարով: Դա կանդրադառնա բերքի ինքնարժեքի բարձրացման վրա: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նշենք, որ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այսօր անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը, ասել էր, որ իրենց մասնագետները հաշվարկներ են արել՝ թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Օրինակ՝ լոլիկի և խաղողի մասով 1-2 դրամ ինքնարժեքի ավելացման մասին է խոսքը:

«Շատ եմ ցավում, որ ստույգ հաշվարկներ չեն կատարվում նախարարության կողմից: Մեր հաշվարկներով՝ մեկ հեկտարի մշակման ծախսերը կաճեն մոտ 100 դոլարով: Ինչ վերաբերում է 1 դրամ ինքնարժեքի թանկացմանը, չգիտենք, թե այդ ինչ հաշվարկ են արել, շատ լավ կլիներ, եթե 1 դրամ լիներ: Դիզվառելիքը թանկացել է 60 դրամով, ինչը 15 տոկոսից ավելի է, իսկ դա կազդի մեր գյուղմթերքի մրցունակության վրա»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Մասնագետնի խոսքով՝ թանկացումների պատճառով Հայաստանի գյուղմթերքը ԵՏՄ շուկայից դուրս կմնա, Հայաստան կսկսեն ներկրվել ռուսական գյուղմթերքը, բելառուսական անորակ կարտոֆիլը և այլն: Առանց այն էլ, ըստ Բերբերյանի, Ռուսաստանի ու Բելառուսի ֆերմերները, համեմատած Հայաստանի հետ, արտոնյալ վիճակում են գտնվում, պետության կողմից սուբսիդավորում են ստանում:

«Մեզ ուղղակի շուկայից դուրս կմղեն: Եթե այս տարի մեր կարտոֆիլը մի քիչ հաջողություն ուներ, վաղը այդ շուկայից էլ մեզ կհանեն, իրենց արտադրանքը կլցնեն մեր շուկա: Եվ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները փոխանակ կառավարության նիստում այս հարցը սրեին ու բարձրաձայնեին, որ թանկացումները վնաս են գյուղատնտեսությանը, հակառակն են անում»,- ասաց Բերբերյանը:

Նա հավելեց, որ արդեն գարնանը հողը վարելու աշխատանքների ժամանակ գյուղացիները նեղություն կկրեն: Այսօր արդեն մարդիկ ահազանգում են, որ պետությունը պետք է այս պայմաններում քայլեր ձեռնարկի:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ այս պայմաններում կառավարությունը պետք է անպայման սուբսիդավորի գյուղացիներն հատկացվող դիզվառելիքի գինը: Այդ մասին հանձնարարություն երեկ տվել էր նաև Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա համար որոշվել էր դադարեցնել դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Սակայն նախարարությունում քննարկվում է թանկացումների պայմաններում շարունակել սուբսիդավորումը:

Ամենաընթերցվածը