ՊԵԿ փաստաթղթում 5 տարվա բեռնատարները կոչվում են բեռնատար, իսկ 5 տարվանից հինը՝ գրուզովիկ

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 17:45
2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի», - նշել է ՊԵԿ ներկայացուցիչը:

Սա միանշանակ լավ որոշում է, բայց անդրադառնանք խնդրի մեկ ուրիշ կողմի:

2018 թվականն է, սակայն ՊԵԿ-ը շարունակում է փաստաթղթերը հրապարակել ոչ Յունիկոդ նշանների կոդավորման ստանդարտով՝ հաճախ միախառնելով տարբեր ստանդարտներ: Այս և ՊԵԿ բազմաթիվ այլ հրապարակումների ծանոթանալ ցանկացող մարդիկ ստիպված են օգտվել Յունիկոդ փոխարկիչից՝ անհասկանալի սիմվոլները մաշտոցյան տառերի վերածելու համար: Մինչդեռ, պետական հաստատություններն օրենքով են պարտավոր օգտվել Յունիկոդ ստանդարտից:

Անցնելով առաջ՝ նկատում ենք, որ ՊԵԿ-ն ավտոմեքենաների դասակարգում է իրականացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ մինչև 5 տարվա բեռնատարները կոչվում են հենց բեռնատար, իսկ 5 տարվանից հինը՝ գրուզովիկ:

ՊԵԿ-ը հետևում է հաճախ հանդիպող «կարծրատիպային» դասակարգմանը, ըստ որի՝ ավտոմեքենաները լինում են ռուսական և արտասահմանյան: ՊԵԿ փաստաթղթում առանձին նշված է սեդան, ջիպ (?) և այլն ու բոլորից առանձնացող ռուսական:

Մեկ այլ զարմանահրաշ նորամուծություն է ջիփը: ՊԵԿ փաստաթղթում այն նշված է JEEP՝ բոլորը մեծատառ՝ ի տարբերություն մյուս տեսակների, որոնք փոքրատառ են: Ըստ երևույթին, պատճառը ՊԵԿ-ում առանձնահատուկ հարգալից վերաբերմունքն է JEEP-ի հանդեպ, որի տակ հասկանում են ոչ թե Ֆիատ-Քրայսլերի Ջիփ բրենդը, այլ «բարձր ավտոն»: JEEP-ի ցանկում, օրինակ, ընդգրկված են Ֆոլքսվագենի, Տոյոտայի և Վոլվոյի մի շարք քրոսովերներ:

Ամենաընթերցվածը