Թանկացումներն ունեցել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ բնույթ. փոխնախարար

    • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 15:19
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գյուղատնտեսական ապրանքների գնաճին՝ նշելով, որ առաջիկայում կառավարություն կներկայացվի տեղական արտադրության խթանման համալիր ծրագիրը:

«Թանկացումներն ունեցել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ բնույթ: Կան նաև ապրանքատեսակներ, որոնք էժանացել են: Հիմնականում նախորդ տարին չորային էր, ոռոգման խնդիր կար, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել էին, բայց դա ժամանակավոր է»,- ասաց փոխնախարարը: Հաջորդ շաբաթ գյուղնախարարությունում հանդիպումներ են լինելու թռչնի մսի, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե ինչով է պայմանավորված այս ապրանքների գնաճը:

Նա նշեց, որ մսի գնի թանկացումը պայմանավորված է երաշտով և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ծավալների մեծացմամբ: 2017-ին 2016-ի համեմատ ավելի քան 10 անգամ ավելացել են խոշոր եղջերավորների արտահանման ծավալները:

Կասկածներ կան, որ չհիմնավորված են բարձրացրել պանրի գները: Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ պանիրը թանկացել է մոտ 10 տոկոսով, բայց գործարանները կաթը մթերել են ամռանը, պանիրը պատրաստել են ամռանը, երբ կաթն էժան էր: Հետևաբար, ընկերությունները պետք է բացատրեն, թե ինչու են թանկացրել ապրանքը:

Անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը, որը կարող է գարնանը խնդիրներ ստեղծել գյուղացիների համար, փոխնախարարն ասաց, որ իրենց մասնագետները հաշվարկներ են արել՝ դիզվառելիքի այսօրվա թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Օրինակ՝ լոլիկի և խաղողի մասով 1-2 դրամ ինքնարժեքի ավելացման մասին է խոսքը: Իսկ սոցիալապես անապահովներին աջակցելու համար, ռիսկի առկայության դեպքում, ըստ Մակարյանի, իրենք ծրագիր կմշակեն և կներկայացնեն կառավարություն, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվի դիզվառելիքի գինը:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը