Նախարարը չի բացառում հասարարական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը

    • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 14:25
Չի բացառվում, որ առաջիկայում մի շարք տրանսպորտային ընկերություններ կարող են հետևել Երևան-Հրազդան երթուղու օրինակին ու թանկացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց այս տարբերակը:

Երևան-Հրազդան երթուղին երեկվանից թանկացրել է ուղեվարձը՝ 400 դրամից դարձնելով 500 դրամ: «Այդ երթուղին ժամանակին մրցույթը շահել է 500 դրամով, ինքն իրավունք ուներ իր հաշվին այդ գինն իջեցնելու, բայց բարձրացնելու իրավունք չուներ: Այսօր ինքը բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հանդիպելով իրենց հետ՝ կարող է ժամանակի ընթացքում փոխի այդ որոշումը»,- ասաց նախարարը:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, կա՞ն այլ ընկերություններ, որոնք այդ պատրվակով կարող են առաջիկայում ուղեվարձ բարձրացնել, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի քանի նման ընկերություններ կան: Նա չմանրամասնեց, թե որ ուղղություններով սպասարկման մասին է խոսքը: «Ես հիմա չեմ կարող նշել այդ ընկերությունների ցանկը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե այսինքն՝ առաջիկայում ևս սպասվում են ուղեվարձի թանկացումներ, նախարարը պատասխանեց. «Մեր կողմից ուսումնասիրություններ կարվեն մեր ցանկացած այն ընկերությունների մոտ, որտեղ կունենանք այդպիսի դեպքեր: Մի քանի ընկերություններ կան, բայց եթե իրենք ժամանակին իրենց հաշվին առաջարկել են ցածր գին, մենք պետք է այսօր նայենք, թե այդ առաջարկված գինը համապատասխանում է, իրենց ստացած շահույթն ինչքան է, գերշահույթ է, թե ոչ, հետո կորոշենք: Այսօր եղել է այդ մի դեպքը, մնացածը կանոնակարգվելու է տրանսպորտային միասնական համակարգը ներկայացնելուց հետո»:

Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև տեղեկություններին, որ հնարավոր է առաջիկայում տրանսպորտի դեֆիցիտ ստեղծվի: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում, բայց այսօր դեռ նման խնդիր չկա:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը