Կառավարությունը կօտարի պետական գանձարանի թանկարժեք մետաղների և քարերի պահուստները

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 13:21
Կառավարությունը հավանություն տվեց Ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ. ծրագիրը։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը: «Բացի այդ, այս ապրանքները պահելը չափազանց թանկ է: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ եթե թանկարժեք իրերը  չվաճառվեն  սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Նախարարը վստահեցրեց, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի  այդ աճուրդների անցկացման ու դրանց արդյունքների մասին:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ,  որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը:

Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն:

 Նախագծում նշված է, որ սրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:

Ըստ լիկվիդացման ժամանակացույցի՝ օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում:

Ամենաընթերցվածը