Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 11:40
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այս տարվա ապրիլի մեկից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը Հայաստանում:

Կառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ շահագործման արգելքը վերաբերում է միայն ապրիլի մեկից հետո ներմուծվող ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ ներմուծված ու շահագործված աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք, վաճառել կամ շահագործել:

Ըստ նախարարի՝ քանի որ Հայաստանում օրենքով աջակողմյան երթևեկություն է, ապա պետք է շահագործվեն ձախ ղեկով ավտոմեքենաներ: Ըստ նրա՝ աջ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում երթևեկության համար:

Նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ տրված լուծումներով, որոևէ քաղաքացի, որն այսօր ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում, կարող է և օգտագործել, և օտարել իր մեքենան»: 

Նախարարդը դրական պատասխան տվեց:

«Մինչև ապրիլի մեկը ՀՀ մտած ու հաշվառված մեքենաների վրա ոչ մի սահմանափակում չի լինելու»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Փոխվարչապետը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն փաստացի հիմքեր, որ աջ ղեկով մեքենաները խնդիրներ են առաջացնում երթևեկության համար, թե՞ մտահոգությունները զուտ տեսական են:

Նախարարն ասաց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի է: Բացի դրանից, վթարների ժամանակ աջ ղեկերի մասնակցությամբ վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով ավելի է, իսկ դա շատ բարձր թիվ է: Ելնելով դրանից, ըստ նախարարի, կառավարությունը որոշել է գնալ այդ ճանապարհով:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարության հաստատմանը, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Ամենաընթերցվածը