Ոստիկանությունը կասկածելի թվեր է ներկայացրել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների մասին

    • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 18:17
Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալներին, ըստ որի՝ 2012-ից ի վեր ավելի քան 15 000 մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Ըստ ժողովրդագետի՝ ոստիկանությունը պետք է հստակ պարզաբանում ներկայացնի այս թվերի հետ կապված, քանի որ դրանք կասկած են հարուցում:

«Ուղղակի այդ թվի վրա զարմանում եմ, վերջին տարիներին միայն Ռուսաստանում քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվը անհամեմատ մեծ է», ասաց Արտակ Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տվյալների՝ 2011 թ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն են ընդունել ՀՀ 7 848, 2012 թ.՝ 13 176, 2013 թ.՝ 16 550, 2014 թ.՝ 11 223, 2015 թ.՝ 8 368, իսկ 2016 թ.՝ 22 264 քաղաքացիներ:

«Միայն նախորդ տարվա 9 ամսվա տվյալներով՝ 13 500 մարդ գնացել է Հայաստանից, իսկ վիճակագրական ծառայությունը հաշվում է այն մարդկանց, ովքեր հաշվառումից արդեն դուրս են եկել: Եթե 2017 թվականի 9 ամիսներին միայն 13 500 մարդ է դուրս եկել հաշվառումից, դա ի՞նչ տվյալ է, որ այդ տարիներին ընդամենը 15 հազար մարդ է հրաժարվել քաղաքացիությունից», ասաց նա:

Ռուսաստանի պարագայում, ըստ մասնագետի, հայերն այն պատճառով են ձգտում Հայաստանում քաղաքացիությունից հրաժարվել, քանի որ այդ երկիրը փոխել է քաղաքացիություն ստանալու կարգերը:

«Եթե նախկինում Ռուսաստանում ընդունում էին երկկաղաքացիությունը, ապա հիմա ասում են՝ ոչ, դու պետք է հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից, որպեսզի այստեղ քաղաքացիություն ստանաս: Այդ պատճառով էլ վերջին տարիներին աճել է Հայաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք արդեն հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և ընդունում ՌԴ քաղաքացիություն: Նախորդ տարի 22 հազար հայ է ՌԴ քաղաքացիություն ընդունել: Ես չեմ ասում, որ նրանք նոր գնացածներն են, նրանց թվում կան վաղուց այնտեղ ապրող հայեր: Եվրոպայի ու ԱՄՆ մասով դժվար է հստակ թվեր ներկայացնելը, քանի որ նման տվյալներ չկան: Միայն կա հստակ տվյալ, որ 2015 թվականին Հայաստանից 2500 մարդ է Գրին քարտ շահել ու մեկնել ԱՄՆ»,- հավելեց մասնագետը:

Մարկոսյանի խոսքով՝ ոստիկանությունը անելիքներ ունի Հայաստանի մշտական բնակչության ցուցակները վերջնական մաքրելու ուղղությամբ, որպեսզի պարզ լինի բնակչության իրական թիվը:

Այսօր Հայաստանից արտագաղթի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը: Ժողովրդագետի կանխատեսումներով՝ այս տարի արտագաղթի ծավալը կավելանա՝ պայմանավորված թանկացումներով, հարկային բեռի ավելացմամբ ու ժողովրդի եկամուտների չբարձրացմամբ: Այս իրավիճակում, ըստ նրա, արդեն արտագաղթելու մասին կսկսեն մտածել բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում:

«Տարբեր երկրներում էլ թանկացումներ լինում են, բայց մարդկանց եկամուտներն էլ են դրան զուգահեռ աճում: Հարցն այն է, որ վերջին երեք տարիներին մեզ մոտ աշխատավարձեր ու թոշակներ չեն ավելանում: Դրան զուգահեռ աշխատավարձերի եկամտահարկն է բարձրացվում, իսկ հուլիսից կենսաթոշակային պարտադիր վճարն է: Այսինքն՝ արդեն գնալու մասին կարող են մտածել այն մասնագետները, ովքեր նախկինում չէին մտածում: Իսկ նրանք տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծող հատվածն են: Խնդիրն այն է, որ պետությունն արդեն սկսել է աշխատողի գումարը տանել, դրան գումարվում են թանկացումները», նշեց մասնագետը:

Այս պայմաններում, ըստ նրա, պետք է կառավարությունը ռեալ տնտեսական աճ ունենալու ուղղությամբ քայլեր անի: «Այս 7 տոկոսանոց տնտեսական աճը երկրի սովորական քաղաքացիների 90 տոկոսին ոչինչ չի տալիս», ընդգծեց նա:

Ամենաընթերցվածը