Նոր սկանդալ Հայաստանում. Ռուբեն Հայրապետյանի դիմադրությունը

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 17:52
Քննչական կոմիտեն տարածել է տեղեկություն, ըստ որի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ պայմանավորված խաղի առիթով: Ընդ որում ուշագրավ է, որ քրեական գործը հարուցել է ԱԱԾ-ն, դեռեւս դեկտեմբերի 15-ին, իսկ հետո այն ուղարկվել է Քննչական կոմիտե: Ներկայում կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ, հանգամանքները պարզելու համար:

Իսկ խոսքը վերաբերում է առաջին խմբի Լոռի-Էրեբունի թիմերի հանդիպմանը, որում Լոռին հաղթել է 5:0 հաշվով: «Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է  կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ», ասված է հաղորդագրության մեջ:

Այդպիսով, հայկական ֆուտբոլում հերթական աղմկոտ պատմությունն է պայմանավորված խաղի եւ դրա հետ կապված նաեւ խաղադրույքների վերաբերյալ: Նախորդը առնչվում էր արդեն գոյություն չունեցող Ուլիս ակումբին, որի առիթով կան կալանավորվածներ:

Հայկական ֆուտբոլում պայմանավորված տոտալիզատորի առկայության մասին դրանից առաջ հայտարարել էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ասելով, թե ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր խնդիրը ներկայում համարում է հայկական ֆուտբոլն այդ տոտալիզատորից մաքրելը եւ դրանից հետո պատրաստ է հանգիստ խղճով հեռանալ:

Քանի՞ այլ այդպիսի աղմկոտ պատմություններ կան հայկական ֆուտբոլային կյանքում, եւ արդյոք այդ «մաքրելու» գործընթացը չի դառնա այն միջոցը, որով Ռուբեն Հայրապետյանը «կհիմնավորի» իր մնալը նախագահի պաշտոնում՝ ընդհանուր ֆուտբոլային անմխիթար արդյունքի պայմաններում:

Մյուս կողմից, հայկական ֆուտբոլում նշմարվում են առավել ընդգրկուն վերադասավորումներ: Կարծես թե մեծանում է ռուսաստանահայ կապիտալի ներկայությունը հայկական ֆուտբոլում, մասնավորապես ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմքով: Կարապետյանը դարձել է Ալաշկերտ ակումբի՝ Հայաստանի կրկնակի եւ գործող չեմպիոնի հովանավոր: Միեւնույն ժամանակ խոսակցություն է շրջանառվում, որ Կարապետյանը Երեւան է տեղափոխում Մոսկվայի Արարատ ակումբը, որի նախագահն է:

Հայտնի է, որ Երեւանի Փյունիկ ակումբը Ռուբեն Հայրապետյանը վաճառեց դարձյալ ռուսաստանցի հայ մեծահարուստ Արթուր Սողոմոնյանին, որը հայտարարել է հավակնոտ ծրագրերի մասին: Պետք չէ բացառել նաեւ ռուսաստանցի այլ մեծահարուստ հայերի հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի հանդեպ, նկատի ունենալով ոչ միայն այսպես ասած նրանց ֆուտբոլային հայրենասիրությունը, այլ նաեւ ընդհանուր տնտեսա-քաղաքական միտումները:

Բանն այն է, որ Հայաստանում ընդհանրապես ավելանում է ռուսաստանահայ խոշոր կապիտալի մասնակցությունը եւ դերակատարումը, որի «խորհրդանիշը» Հայաստանի ներդրողների ակումբ կոչվող կառույցն է՝ 30 ռուսաստանցի մեծահարուստ հայերի մասնակցությամբ, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ գործընթացի տնտեսա-քաղաքական շարժառիթներն իհարկե առանձին թեմա են, որոնց ունենում եմ տարբեր անդրադարձեր եւ անկասկած դեռ կունենամ:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ ֆուտբոլը, ինչպես գործնականում բոլոր մարզաձեւերը եւ նաեւ բոլոր քիչ թե շատ խոշոր ոլորտները, ներկայիս իշխող համակարգի տրամաբանության եւ բնույթի պայմաններում տնտեսա-քաղաքական քվոտաներից  մեկն է: Ըստ այդմ, եթե տեղի է ունենում ամբողջական համակարգային տիրույթում ռուսաստանահայ կապիտալի էքսպանսիա, այն չէր շրջանցի նաեւ ֆուտբոլը:

Ի դեպ ուշագրավ է, որ ֆուտբոլային տոտալիզատորի գործերը հարուցում է ԱԱԾ-ն, ինչն ըստ երեւույթին վկայում է, որ դրանց թելերը տանում են նաեւ Հայաստանից դուրս, խնդիրը տեղափոխելով ազգային անվտանգության տիրույթ:

Արդյոք տոտալիզատորի դեմ պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիմադրությունն է ռուսաստանահայ կապիտալին, ֆուտբոլի ոլորտում, կամ գուցե ոլորտային, բայց առավել լայն՝ այսպես ասած հայաստանյան խոշոր կապիտալի դիմադրությունն է, իսկ գուցե նաեւ անվտանգության որոշակի երաշխիքները ռուսաստանահայ կապիտալի էքսպանսիայի պայմաններում:

Միեւնույն ժամանակ, հույժ կարեւոր է զուտ ֆուտբոլային տնտեսության արդիականացումը եւ համակարգային վերափոխումը, հաշվի առնելով թե այն, որ ֆուտբոլը ժամանակակից աշխարհում նաեւ մեծ քաղաքականություն է ընդհուպ միջպետական տողատակերով, թե նաեւ այն, որ Հայաստանն անշուշտ զուտ տեխնիկական առումով ունի ֆուտբոլի զարգացման սերնդային բավականին մեծ ներուժ, բայց այդ ներուժի բացահայտմանը եւ գեներացմանը չնպաստող համակարգ եւ մտածողություն: 

Ամենաընթերցվածը