Սերժ Սարգսյանի պարզաբանումը. ինչպես կվերադառնա վարչապետը

    • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 14:57
Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում, tert.am-ին ասել է նրա խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հակոբյանն այդպիսով պատասխանել է հրապարակումներին, որ Սարգսյանը տոնական օրերին բացակայել է Հայաստանից ու եղել է Մոսկվայում, նաեւ եվրոպական քաղաքներում: Այդ տեղեկությունը հայտնել էր Հայկական Ժամանակ օրաթերթը:

Վլադիմիր Հակոբյանը կրկնել է նաեւ այն, որ հունվարի 5-ին եւ 6-ին Սուրբ Ծննդյան առիթով եկեղեցական միջոցառումներին Սերժ Սարգսյանի բացակայությունը պայմանավորված է եղել թեթեւ մրսածությամբ եւ տանը գտնվելով:

Ցրու՞մ է արդյոք նախագահի նստավայրի արձագանքը այն խորհրդավորությունն ու փաստացի անորոշությունը, որ Հայաստանի իշխող վերնախավի շուրջ առաջացել է Նոր Տարվա առաջին իսկ օրերից: Թերեւս ոչ: Եվ պատճառը այն չէ, որ խոսնակի պարզաբանումները համոզիչ չեն: Բանն այն է, որ խնդիրը միայն Բաղրամյան 26-ում չէ, այլ նաեւ կառավարությունում՝ հունվարի 8-ի աշխատանքային շաբաթվա մեկնարկից Կարեն Կարապետյանի արձակուրդ գնալու մեջ:

Նոր Տարվա յոթ հանգստյան օրերից հետո առաջին աշխատանքային օրը Կարապետյանը գնում է արձակուրդ, ու դա այն դեպքում, երբ տոներից առաջ նա ինքն էր հայտարարում, որ շռայլություն է ութ օր չաշխատելը, իսկ կառավարությունն էլ ընդունեց որոշման նախագիծ, որ 2019 թվականից աշխատանքային օրերը սկսվեն հունվարի 3-ից:

Այդ հանգամանքը վարչապետի արձակուրդը դարձնում է իսկապես տարօրինակ: Իհարկե, բացառված չէ, որ նրա արձակուրդը պայմանավորված է այսպես ասած անձնական հանգամանքներով: Համենայն դեպս, վերնախավի շուրջ ստեղծված տոնական իրավիճակը որոշակիորեն կարող է պարզաբանվել, խորհրդավորության մշուշը կարող է ցրվել թերեւս այս կապակցությամբ էլ լրացուցիչ պարզաբանումների դեպքում, որ կամ դրանք կտա վարչապետի խոսնակը, կամ էլ վարչապետն ինքը՝ արձակուրդից վերադառնալով եւ ասելով, թե ուր էր, ինչ նպատակով:

Ինչ խոսք, չկա երաշխիք, որ կլինի իրականությանը 100 տոկոս համապատասխանող պարզաբանում կամ տեղեկություն, բայց հաճախ այդպիսի դեպքերում անգամ մտածված բացատրություններն իրենց մեջ պարունակում են ուշագրավ տողատակեր:

Դրանցից գուցե պարզ դառնա նաեւ, թե ինչպիսի՞ Կարեն Կարապետյան է վերադառնալու արձակուրդից: 2018 թվականը մեկնարկում է բավական դինամիկ ներքին ու արտաքին զարգացումներով, եւ առավել նկատելի է դառնում, որ այն Կարեն Կարապետյանը, որ կար մինչեւ այսպես ասած արձակուրդ մեկնելը, բացարձակապես չի կարող համարժեք լինել 2018 թվականի ապրիլին պետության Առաջին դեմքի կարգավիճակին:

Հետեւաբար, արձակուրդից պետք է վերադառնա կամ այլ Կարեն Կարապետյան, կամ Կարեն Կարապետյանը պետք է վերադառնա ընդամենը իրերը հավաքելու:

Ամենաընթերցվածը