Մաքսայինում մեքենա ներկրողներից լրացուցիչ 500 դոլարին համարժեք դրամ են պահանջում. ՀԺ

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 13:37
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը մեքենա ներկրողների համար նոր խնդիրներ է առաջացնում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր մաքսային ծառայողները թույլ չեն տալիս կոնտեյներները բացել՝ պատճառաբանելով, որ ճանապարհային վճար պետք է վճարեն: Մեքենա ներկրողների պնդմամբ, մինչ օրս նման պահանջ չի եղել: Այսինքն՝ մեկ կոնտեյները, որը կարող է Հայաստան տեղափոխել, օրինակ՝ 4 մեքենա, պետք է վճարի մոտ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող մաքսատան տարածքում այժմ կուտակված է տասից ավելի նման կոնտեյներ, որի վարորդներն անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ առաջին անգամ են լսում այդ ճանապարհային վճարի մասին:

Այսօր Բագրատաշենի մաքսատան տարածքում էլ մաքսավորները կանգնեցրել են այն բեռնատարները, որոնք երեկ են մեքենաներ տեղափոխելու Երեւան, եւ այսօր պետք է հետ վերադառնան Վրաստան: Բեռնատարների վարորդներից սահմանին պահանջում են վճարել համապատասխան գումարը, այսինքն՝ ճանապարհային վճարը, հակառակ դեպքում, թույլ չեն տալիս լքել երկիրը:

Որոշ տեղեկություններով՝ այդ ճանապարհային վճարը նախկինում էլ է եղել, սակայն մաքսայինը երբեք չի պահանջել այդ գումարը: Մեքենա ներկրողները վրդովված են եւ նշում են, որ եթե նման բան կար, ապա նախապես պետք է իրենց տեղեկացնեին լրացուցիչ վճարի մասին, որպեսզի անակնկալի չգային:

Ամենաընթերցվածը