Սերժ Սարգսյանը չդիմացավ

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 09:58
Ներքաղաքական նոր տարին ինտրիգային մեկնարկ ունեցավ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի խորհրդավոր «բացակայությամբ»: Սերժ Սարգսյանը բացակայում էր Մայր Աթոռում Ջրօրհնեքի արարողությանը, իսկ Կարեն Կարապետյանը աշխատանքային առաջին օրն արձակուրդ գնաց:

Մամուլում տեղեկություն եղավ, թե ամանորին Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Նրա խոսնակը հերքեց տեղեկությունը, ասելով, թե Սարգսյանը մրսածություն է ունեցել եւ գտնվել է տանը:

Այնուհետեւ տեղեկություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ՝ հունվարի 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում առայժմ չկա, փոխարենը երեկ Սարգսյանը «երեւաց» հանրությանը, իր նստավայրում ընդունելով ֆինանսների նախարարին:

Եղե՞լ է այց նոր տարվա առաջին օրերին, եւ ի՞նչ նպատակով: Աշխարհագրությունն ինքնին հետաքրքիր է՝ Եվրոպա եւ Մոսկվա: Ոչ այնքան ԵՄ-ն ու ԵՏՄ-ն «համատեղելու» մասով, որքան պայմանավորված այն հանգամանքով, որ այս աշխարհքաղաքական կենտրոններում է փաստացի «հավանություն տրվելու» Հայաստանի նոր իշխանության ձեւավորմանը:

Այս տարի, ինչպես հայտնի է, Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական լիարժեք կառավարման, եւ ինչպես ասել է Սերժ Սարգսյանը՝ ինքն էլ չգիտե, թե ինչ է լինելու: Կտեսնենք,- ասել է նա իր վերջին հարցազրույցներից մեկում:

Շատ հնարավոր է, որ իսկապես չգիտե, թե ինչ է լինելու, ավելի ճիշտ՝ նա ունի ծրագրեր, սակայն այդ ծրագրերի արտաքին հավանությունը դեռ պետք է լինի:

Բացի այդ, բավական բարդ վիճակ է նաեւ ներսում: Մինչ ՀՀԿ այսպես ասած երիտասարդները հայտարարում են Սարգսյանի անփոխարինելիության ու անայլընտրանքայնության մասին, հնչում են նաեւ կոչեր՝ հեռանալու իշխանությունից:

Վիճակն անորոշ է նաեւ օլիգարխների շրջանում, որոնց համար դեռ պարզ չեն խաղի նոր կանոնները:

Ահա այս ֆոնին տարածվում է տեղեկություն Եվրոպա եւ Մոսկվա այցերի մասին: Երեւում է Սերժ Սարգսյանը չի դիմացել երկար ու ինտենսիվ «վոյաժին», կամ էլ բանակցությունները եղել են բարդ, եւ Երեւան վերադառնալուց հետո նա «թեթեւ մրսածություն» է ունեցել ու բաց թողել Ջրօրհնեքը:

Կառավարությունն, ի տարբերություն նախագահականի, տարածել է Կարեն Կարապետյանի բացակայության տեղեկությունը եւ նշել, որ կարճատեւ արձակուրդը նա անց է կացնելու արտերկրում: Թե կոնկրետ որտեղ՝ չի մանրամասնվում: Արդյոք Կարեն Կարապետյանը գնացել է նույն տեղերը, ինչ Սերժ Սարգսյանը՝ տեղեկանալու նրա հետ բանակցությունների արդյունքների մասին:

Ամենաընթերցվածը