Մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը մյուս տարի կդադարեցվի

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 19:06
Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագիր կիրականացվի, բայց մի փոքր փոփոխված: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա ասաց, որ փորձում են գյուղացիներին մատչելի գներով ապահովել տեղական սերմնացուով, հավանաբար ներմուծման խնդիր այլևս չի լինի: Այս տարի աշնանացան սերմը չի սուբսիդավորվել կառավարության կողմից, պարզապես տեղական արտադրողը մատչելի գնով է այն հատկացրել գյուղացիներին:

Այս տարվանից սերմնացուն գյուղացիներին տրամադրվում է վճարման դիմաց: Այսինքն՝ գյուղացին նախօրոք պետք է վճարի, որպեսզի օգտվի մատչելի սերմնացուից: 

Հարցին, թե դա չի՞ հանգեցրել ծավալների կրճատմանը՝ հաշվի առնելով այն, որ հողագործները գումարի խնդիր ունեն, Իգնատի Առաքելյանը պատասպանեց. «Այս տարի նախորդ տարվա համեմատ պարարտանյութի ծավալների նվազեցում չի եղել, վճարվել է, ապրանքը գնվել է: Դիզվառելիքի առումով պահանջարկի մոտ 30 տոկոսի չափով նվազեցում է եղել, բայց պետական բյուջեից սուբսիդավորվում էր դիզվառելիքը: Սերմերի առումով աշնանացան սերմ չենք բերել, իսկ գարնանացան սերմը բերել ենք ըստ մարզպետարանների կողմից հաստատված վճարման պահանջարկի: Հետո այդ վճարունակ պահանջարկի տերը չի եկել ներկայացել, որ գնի սերմը»:

Ամենաընթերցվածը