«Ապահովում եք արտակարգ իրավիճակ, կարիքը լինելու է»

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 17:37
Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առեւտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով՝  ոչ աշխատանքային օրերին հերթապահություն կսահմանվի, նաև արտաժամյա կաշխատեն այս կառույցները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ նիստում ՊԵԿ-ին հանձնարարել էր բոլոր մաքսատներում և բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:

«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում ու Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա ժամային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասանճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», ասաց վարչապետը:

Նա հարցրեց, թե ինչ կարծիք ունի այս մասին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահն այնքան էլ գոհ չէր այս հանձնարարականից: «Բանկերի հետ կխոսենք, եթե դրա կարիքը լինի, կանենք», ասաց Ջավադյանը:

«Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որեւիցե պրոբլեմ չզգա»,  հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը