15-20 հազար փրկարարի անհրաժեշտություն կլինի խոշոր աղետի դեպքում. Հայաստանում կամավոր փրկարարների քանակության լուրջ խնդիր կա

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 17:08

Հայաստանի Հանրապետությունը փրկարարների կամավորական շարժման զարգացման հարցում լուրջ խնդիր ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Նրա խոսքով՝ իրենց գերատեսչությունն այժմ զբաղվում է այս ուղղությամբ և փորձում զարգացնել կամավորական շարժումը՝ ներգրավելով այդ գործընթացին բնակչությանը։

«Հայաստանում կա 3000 և ավելի վերապատրաստված հրշեջ, ովքեր այսօր արդեն նաև փրկարարներ են, և այժմ ստորաբաժանումը կոչվում է հրշեջ-փրկարարական։ Նրանք ոչ միայն աղետների, այլև ճանապարհային վթարների ժամանակ են արձագանքում։ Հայաստանում ստեղծված է 5 միջին քաղաքային որոնողա-փրկարարական թիմ, որոնք արձագանքում են հենց խոշոր աղետների դեպքում։ Այս թիմերը ստացել են համապատասխան որակավորում և այս գործընթացով շատ երկրներից մենք առաջ ենք ընկել։  5-ից 1 թիմը 2015 թվականի սեպտեմբերի 4-ից պատրաստված է միջազգային արձագանքման»,- նշեց Եմիշյանը։

Նրա պնդմամբ՝ երկրի ներսում լուրջ խնդիր կա կամավորական շարժման զարգացման հարցում, քանի որ այն 3000 փրկարարը չի կարող ամբողջ ծավալով փրկարարական աշխատանք իրականացնել։ Եմիշյանի կարծիքով՝ խոշոր աղետի դեպքում Հայաստանին անհրաժեշտ կլինի 15-20 հազար փրկարար։

«Դրսից օգնությունը լինում է որոշակի թիմերի ձևով, բայց նրանց քանակը սահմանափակ է։ Եվրոպական երկրներում փրկարարների մոտ 10-15 տոկոսն է վճարով փրկարարական աշխատանք իրականացնում, մնացածը կամավորներ են։ Մենք այսօր ունենք փոքր կամավորական ջոկատներ, որոնք ունեն փոքրիկ գործառույթներ»,- ընդգծեց փրկարար ծառայության գնդապետը։

Եմիշյանը վստահ է, որ մարդկանց իրազեկվածությունը շատ կարևոր է, թե ինչպես պետք է դրսևորել տարբեր աղետների ժամանակ։ Անհրաժեշտ և կարևոր է համարում այն, որ դպրոցական դասագրքերում այդ քայլերի մասին տեղեկությունները ներառված են և ԲՈւՀ-երում նույնպես դասավանդվում են անվտանգության կանոնները։

Ամենաընթերցվածը