ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կադրերի մոտ 82 տոկոսը աշխատանքի է անցել պետական հատվածում

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 15:26
ՀՀ պետական կառավարման ակադեմիան թե քանակապես, թե որակապես բավարարում է աշխատաշուկայի կառավարման կադրերի պահանջները: «Արմենպրես»-ի թղթակիցը կադրերի պատրաստման, կառավարման կադրերի վերապատրաստման մասին զրուցել է ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի հետ:

-Պարոն Լոքյան, ակադեմիան կարողանու՞մ է բավարարել պետության համար կառավարման կադրերի պատրաստման պահանջները:

-Ակադեմիան հիմնադրվել է  ՀՀ կառավարության կողմից: Եվ նրա նպատակը պետական հատվածի համար կադրերի պատրաստումն է, որով զբաղվում է 1994 թվականից ի վեր: Կարող եմ փաստել, որ մենք քանակապես բավարարում ենք աշխատաշուկայի պահանջը՝ իրականացնում ենք կադրերի պատրաստում բավարար քանակով: Բովանդակային առումով գործընթացը շարունակական բարելավման կարիք ունի: Պետական կադրերի պատրաստման բարձր որակ ապահովելը ենթադրում է շարունակական մի շարք գործընթացներ, օրինակ՝  կրթական ծրագրերի բարելավում:

- Տարեկան որքա՞ն շրջանավարտ եք ունենում:

-Յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք մոտ 250 շրջանավարտ: Նաև ունենք մոտ 80 ասպիրանտ, հայցորդ և դոկտորանտ: Հայաստանի նման փոքր երկրի համար այդ քանակը բավարար է: Աշխատանքի տեղավորելիության ցուցանիշները ևս այդ մասին են վկայում:

- Շրջանավարտներից քանի՞սն են աշխատում կառավարման ոլորտում, հատկապես ո՞ր օղակներում են նրանք տեղ գտնում:

-Մենք ուսումնասիրել ենք, թե ավարտելուց մեկ տարի հետո քանի տոկոսն է աշխատանքի տեղավորվել: 2015-ի տվյալներով մենք ունեինք մոտ 82 տոկոս աշխատանքի տեղավորելիության ցուցանիշ, ինչը շատ բարձր թիվ է: Մեզ համար ուրախալի է, որ մեր շրջանավարտները պահանջված են աշխատաշուկայում: Մենք ձգտում ենք բարձրացնել այդ թիվը, ինչի համար երկար աշխատանք է պետք: Շրջանավարտներն աշխատանքի են տեղավորվում պետական հատվածում՝ նախարարություններում, հանրային ծառայության հատվածում և այլ օղակներում: 2016-ի ցուցանիշները կունենանք 2017-ի վերջում:

- Իսկ ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածները:

-Ամենապահանջվածներն են իրավագիտությունը և հանրային կառավարումը: Համեմատաբար քիչ պահանջվածներից են քաղաքագիտությունը և կառավարման հոգեբանությունը, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում առկա տեղերով: Մեր դիմորդները շատ լավ տեղեկացված են, թե որտեղ կարելի է ավելի աշխատանքի տեղավորվել, ըստ դրա էլ ընտրում են մասնագիտությունը: Չնայած ես այդ մոտեցմանը այնքան էլ համամիտ չեմ: Այդ ուղղությամբ մենք դիմորդների համար իրականացնում ենք մասնագիտական կողմնորոշում:

-Կա կարծրատիպ, թե կառավարման ոլորտում աշխատում են հիմնականում տղամարդիկ, կա՞ ակադեմիայի ուսանողների, աշխատանքի տեղավորվածների սեռային  նման անհամամասնություն:

-Ես համամիտ չեմ այն տեսակետին, թե կառավարման ոլորտում գերիշխում են տղամարդիկ: Նրանք պարզապես գերիշխում են կառավարման բարձրագույն օղակներում: Միջին օղակում գերակշռում են կանայք: Մեր շրջանավարտներից ավելի շատ աշխատանքի են տեղավորվում հենց աղջիկները: Աղջիկներն ավելի նպատակասլաց և ստեղծագործ են:

-Պարոն Լոքյան, ակադեմիան իրականացնում է նաև գործող կադրերի վերապատրաստում, տարեկան որքա՞ն կադրեր եք վերապատրաստում:

- Տարեկան միջին հաշվով վերապատրաստում ենք 700-800 հանրային ծառայողների, որոնց 70 տոկոսը քաղաքացիական ծառայողներ են: Վերապատրաստում ենք նաև ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին, ՊՆ հատուկ քաղաքացիական ծառայողներին: Ինչպես նաև կատարում ենք թեմատիկ վերապատրաստումներ մոտ 36 ուղղություններով: Նախատեսվում է համայնքային ծառայողների վերապատրաստում:

-Վերապատրաստումների գործնական արդյունքները տեսնու՞մ եք:

-Վերապատրաստումները, իհարկե, արդյունավետ են: Նաև հետադարձ կապի մեխանիզմով առցանց հարցումներ ենք իրականացնում՝ գնահատելու արդյունքները: Մենք նաև սկսել ենք վերապատրաստման կարիքի բացահայտման գործընթաց: Տարիներ ի վեր պետական կադրերի պատրաստումն իրականացվել է առանց վերապատրաստման կարիքի բացահայտման: ՀՀ պետական կառավարման ակադեմիան ձեռնամուխ է եղել վերապատրաստման կարիքի մեթոդաբանությունների ստեղծմանը, որը ներկայում մշակման փուլում է: Դրանով գերատեսչությունները կկարողանան բացահայտել իրենց անձնակազմի վերապատրաստման կարիքը, ինչի արդյունքում գործընթացն ավելի արդյունավետ կլինի: Դա նաև կազմակերպության ռազմավարական պահանջն է: Նախարարություններից մեկի հետ իրականացրել ենք կարծիքի բացահայտում, վերջում ամփոփել ու ցույց ենք տվել, թե նախարարության որ աշխատողն ինչ թեմայով պետք է վերապատրաստվի:

Ամենաընթերցվածը