Վերահկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 14:18
Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ 2018 թվականի ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Այս մասին Ազգային ժողովում Վերաքննիչ պալատի 2018 թվականի գործունեության ծրագրի նախագծի ներկայացմանն ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Այսինքն՝ պալատը նախագծով նախատեսված վերահսկողության թեմաների մասով կիրականացնի արդեն հաշվեքննություն: Վերաքննիչ պալատի ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում ԱԺ, քանի որ նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները»,- ասաց Յոլյանը: Նա հավելեց, որ այդ անցումը ժամանակատար ու ծախսատար ոչ հեշտ գործընթաց է լինելու: Հաշվեքննության շրջանակներում, ըստ Յոլյանի, պետք է խորությամբ ուսումնասիրվեն հանրային ռեսուրսների օգտագործումը, ծախսային և նպատակային արդյունավետությանը վերաբերող հարցերը:

Հաջորդ տարվա ծրագրով ընտրված են մի քանի ոլորտներ, որոնցում նախատեսված է իրականացնել համալիր ուսումնասիրություններ: Ըստ Յոլյանի՝ համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա յուրաքնաչյուր ոլորտի մասով ստանալու օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե ծրագիրն իրականացվել է վարկային միջոցների ու դրամաշնորհների, թե պետական բյուջեի միջոցների հաշվին:

«2018 թվականի տարեկան ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների համաձայնությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- ասաց Յոլյանը: Հաջորդ տարի պալատի ուսումնասիրությունների թիրախում կլինեն նաև ԿԱ Քաղաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵՏՄ հանձնաժողովը և անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերը: Պալատի նախագահն ասաց, որ ոլորտներն ընտրելիս հաշվի են առնվել ինչպես ուսումնասիրությունների ժամկետները, այնպես էլ ռիսկերը:

Յոլյանն ասաց, որ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հաշի են առնվել նաև Եվրամիության բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջը, ըստ որի՝ Վերահսկիչ պալատի հաջորդ տարի իրականացվելիք ֆինանսական հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17.5 տոկոսը:

Ամենաընթերցվածը