Հայհոյախառն մշակույթն ի ցույց դնողներին պատասխանն այլ տիրույթում է

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 10:23
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին: Նա շտապեց հանգստացնել պատգամավորներին՝ այս օրենքը չի խաթարելու ընտանիքների անդորրը:

«Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծն անելիք չունի: Որևէ պարագայում նպատակ չի ունեցել մտնել մարդկանց ընտանիքներ: Ոչ մի օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ: Այս օրենքին մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր ու ջրբաժաններ է տանում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ չի կիսում այն տեղակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխաության կամ հայրիշխանության պայքարի և այլ խնդիրներ: «Իսկ ինչ վերաբերում է հայհոյախառն մշակույթն ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ», ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ իր եզրափակիչ ելույթում շեշտեց, որ օրենքը նպատակ ունի պայքարել նաև բռնությունների դեպքերի լատենտության դեմ, այսինքն՝ հնարավոր է, որ այդ հանցագործությունների վիճակագրությունը չնվազի: Բայդ դա չի նշանակում, որ օրենքն արդյունավետ չի լինելու:

Պատգամավորներն այս նախագծի վերաբերյալ պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում, փոխնախարարն ասաց, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու այդ առաջարկությունները:

Ամենաընթերցվածը