Քուվեյթը պատրաստ է աջակցել Գյումրիին

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 19:31

Քուվեյթը պատրաստ է աջակցել Գյումրիին: Այդ աջակցությունը կարող է լինել ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ որևէ հաստատության վերականգնմանը նպաստող ծրագիր:

Այս մասին դեկտեմբերի 6-ին Գյումրու քաղաքապետի մոտ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին՝ փաստելով, որ աջակցությունը կլինի Քուվեյթի հատուկ հիմնադրամից:

Քուվեյթը նույնիսկ պատրաստ է ֆինանսական միջոցներ հատկացնել ծրագրի նախնական ուսումնասիրման համար: Բացի այն, որ այցը ճանաչողական էր, դեսպանը նաև դեկտեմբերի 7-ին մասնակցելու է երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված պսակադրությանը:

«Մենք եկել ենք ինչպես ցավակցելու, այնպես էլ զորավիգ կանգնելու և մաղթում ենք ձեր քաղաքին բարգավաճում: Ցավալի է, որ այդքան զոհեր ունեցաք: Քուվեյթը բավական լավ հարաբերության մեջ է ՀՀ հետ և պատրաստ է ցանկացած ներդրումային ծրագիր իրականացնել այստեղ՝ Քուվեյթի ներդրումային ծրագրի միջոցով: Հիմնադրամը որոշակի ֆոնդ է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ծրագրեր իրականացնելու և մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկի և, հատկապես, Գյումրիում»,- նշեց Նաուաֆ Ալ Էնեզին: Սամվել Բալասանյանը ներկայացրեց անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և խնդիրները, հատկապես խոսվեց փայտաշեն նախակրթարանների մասին:

Գյումրու քաղաքապետը խոստացավ ներկայացնել այնպիսի ծրագիր, որն արդյունավետ ընթացք կստանա, քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց ինչպես ներկա առաջարկի, այնպես էլ 1988 թվականի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ձեռք մեկնելու համար:

Ամենաընթերցվածը