«Ըսենց թե ընենց, մենք պետք է հասկանանք, որ...»

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 17:49
«Պարոն վարչապետ, նախորդ տարի հայտարարեցիք՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Ինչպե՞ս եք գնահատում տնտեսության վիճակն այժմ»,- ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ հարցրեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

“Ճիշտ ա՝ գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի”,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ասաց, որ 10 ամսվա ցուցանիշներով՝ Հայաստանում արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ, արտահանումն է աճել և այլն: Եվ կանխատեսվում է, որ տարին կփակվի շատ ավելի մեծ աճով, քան կանխատեսվել է:

“Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, մենք ունենք երկու տեսակի մոնոպոլիա, որից մեկը՝ բնական: Իսկ մոնոպոլիա որպես այդպիսին չունենք, ունենք շուկաներ, որտեղ գերիշխող դիրք ունեցող խաղացողներ կան: Դուք կարող եք դիմել ու ստանալ, թե ինչպես է այս մեկ տարվա մեջ այդ շուկայի կառուցվածքը փոխվել”,- ասաց նա:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հնարավոր չէ մեկ տարվա մեջ այնպես անել, որ գերիշխող դիրք ունեցողը շուկայում 70 տոկոս մասնաբաժին ունենալուց հետո միանգամից 20 տոկոս ունենա: Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ չկա ներկրումների արգելք:

“Դուք դեպք գիտե՞ք, որ որևէ մեկն ուզում է շուկա մտնել, իրեն արգելում են: Եթե գիտեք, դիմեք մեզ: Որևս սահմանափակում չկա, սահմանի վրա որևէ մեկին չեն կանգնեցնում, թե դու սա կարող ես բերել, նա չես կարող: Հենց դա է լիբերալ տնտեսությունը, որ մենք որևէ մեկին չենք սահմանափակում: Ըսենց թե ընենց, մեր շուկայի չափից ելնելով, մենք պետք է հասկանանք, որ գերիշխող լինելու է: Եթե երեք խաղացող խաղում են այս շուկայի մեջ, ըսենց թե ընենց մեկը խոշորն է: Ամբողջ խնդիրն այն է՝ այդ խոշորն ադմինիստրատիվ ռեսուրսո՞վ է դառնում մրցակցային, թե՞ այլ ռեսուրսով: Հիմա մենք մրցակցային դաշտն ապահովել ենք, եթե վաղը մյուս օրը գերիշխող լինի, դա դեռ չի նշանակում, որ վատ է: Մենք ունենք դրան հակառակ մեխանիզմները: Եթե գերիշխողը քայլեր է անում, մենք ունենք համապատասխան մարմին, որը դրան արձագանքում է”,- ասաց նա՝ հավելելով, որ գերիշխող դիրքի առկայությունը դեռ չի նշանակում, որ մրցակցային պայմանները խախտված են:

Ամենաընթերցվածը