ՀՀ կառավարությունը Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 17:35
Հայաստանի կառավարությունը Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: «Այո, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի որոշ դրույթներ, որոնց համապատասխան գործել է Վանաձորի ավագանին, սակայն միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը սահմանել է ժամկետ, թե երբ են այդ դրույթները կորցնելու ուժը: Հիմա մենք Վանաձորում ունենք նոր իրավիճակ, և, եթե այդ իրավիճակը հնարավորություն կտա, որպեսզի ավագանին պատշաճ գործի, մենք ավագանու լիազորությունները դադարեցնելու որևէ հիմք չենք տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:

Նախարարը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել օրենքի որոշ դրույթներ, բայց միաժամանակ սահմանել է հստակ ժամկետ, թե երբ են վրա հասնելու իրավական հետևանքները: Նա ներկայացրեց կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ իրենք չեն տեսնում Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն, որը կբխի նաև Սահմանադրական դատարանի որոշումից:

Ամենաընթերցվածը