Վաչե Գաբրիելյանն ասել է, թե ինչու են թանկացել միսն ու կարագը

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 17:29
2018 թվականի համար կառավարությունը նախանշել է 4 տոկոս գնաճ: Այսօր հրապարակված ցուցանիշով՝ Հայաստանում 12 ամսյա գնաճը 2.2 տոկոս է: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ ազատական տնտեսության համակարգերում երբեք կոնկրետ ապրանքների գներ չեն ամրագրվում, այլ կառավարությունը կառավարում է ընդհանուր գնային ֆոնը, որը չափվում է սպառողական գների համաթվով:

Նա ասաց, որ հզոր փաստարկ չէ այն, թե կառավարությունը գնաճի միտումով փորձում է կառավարել տնտեսական աճը:

«Այնպես չէ, որ Հայաստանում գներն անընդհատ անկում են ապրում միջազգային գներից ելնելով: 2015-16 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել երկու տարի շարունակ գնանկում, որը տնտեսական աճի համար լավագույն գործոնը չէր: Բայց դա վերաբերում էր այն փաստին, որ այդ գնանկումը մենք միջազգային շուկայից վերցնում էինք գների անկման տեսանկյունից: Մասնավորապես, մեզ վրա ազդում է ռուսական ու Եվրասիական շուկայից նվազ գներով ապրանք ներմուծելուն, ինչն էլ խնդիր էր ստեղծում ներքին արտադրողների համար»,- ասաց նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մսամթերքի գնաճին, ապա դա պայմանավորված է նրանով, որ մեր արտահանման տեմպերն ավելին են, քան արտադրողների հզորությունների ավելացումը, ինչը խոսում է տնտեսական այլ զարգացումների մասին:

«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ կարագը թանկացել է, ապա կարագի գնաճի պարագայում դուք ինքներդ գիտեք, որ միջազգային գների տեսակետից այն աճել է բոլոր երկրներում»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը