Ինչո՞ւ պետք է ոստիկանը մուտք գործի հայկական ընտանիք. ԱԺ պատգամավոր

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 16:07
Ընտանեկան բռնությունը կանխարգելելու համար պետք է առաջին հերթին խուլիգանություն ու ավազակություն քարոզող հեռուստահաղորդումներն արգելել:

Այս մասին Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ դեմ է նախագծին, դրանում ավելի շատ խոսվում է արդեն իսկ իրականացված բռնության հետևանքներն իրավական հետևանքի ենթարկելու մասին, ոչ թե կանխարգելելու:

Ընտանիքում համերաշխության վերականգնումը, նրա խոսքով, օրենքով չի կարող լինել, համերաշխությունն օրենքով կարող է սասանվել:

«Ոնց որ ընդունես օրենք ընտանիքում կնոջ կողմից տղամարդուն ժպտալով դիմավորելու մասին, ծնունդները որտեղ նշելու մասին, դա օրենքի կարգավորման առարկա չէ և չի կարող լինել: Ինչո՞ւ պետք է ոստիկանը մուտք գործի հայկական ընտանիք: Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից, որոնք համագործակցելով չարամիտ ու ազատատենչ կանանց հետ, գլխահակ ամուսիններին ուղեկցում էին կամ բանտեր կամ տարագիր էին սարքում»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունները սեպ են խրում հասարակության մեջ:

«ՀԿ-ներից մեկն ասում ա՝ կանայք չպետք է մտածեն կամ հուսան, որ բռնարարի հետ հարաբերությունները չեն կարող փոխվել: Հաջորդ դիրքորոշումը, ասում է՝ կանայք սխալմամբ ենթադրում են, որ երեխաները հոր կարիք ունեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնությունը խորը ազդեցություն է ունենում երեխաների հոգեբանության վրա: Նաև ասում են՝ ընտանեկան բռնությունը կրկնվելու ու ուժգնանալու է: Սա ի՞նչ ահաբեկչություն է այդ հասարակական կազմակերպությունների կողմից, ինչ ահաբեկչություն է»,- հարցադրում արեց նա:

Ամենաընթերցվածը