Հայաստանում 2018 թվականին կանցկացվի տնակային տնտեսությունների փաստագրում

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 16:02
Հայաստանում 2018 թվականին կանցկացվի տնակային տնտեսությունների փաստագրում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Պետական ծրագիրն ավարտվելու դեպքում էլ մենք դեռ ունենք անօթևանության խնդիր: Խոսքը տնակային ավաններում ապրող ընտանիքների մասին է, որոնք տարբեր պատճառներով են այդտեղ: Ներկայում տնակային տների մասին տարբեր թվեր են ներկայացվում, դրա համար կառավարությունը միջոցառումների ծրագրում ներառել է այդ ժամանակավոր կացարանների փաստագրման, ազատման և հեռացման կարգը հաստատելու մասին նախաձեռնությունը: Այն ներկայացվել է կառավարությանը քննարկմանը»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Նախատեսում է կատարել տնակային տնտեսությունների ամբողջական գույքագրում` հասկանալու համար, թե ինչ ունենք: Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակներից ոչ բոլորն են բնակության համար օգտագործվում: 20-30 տոկոսի դեպքում տնակները վերածվել են հիմնական շինությունների` իրենց ենթակառուցվածքներով, պարզապես դրանք համարակալված են որպես ոչ հիմնական շինություն:

«Այն տները, որոնք ենթակա են օրինականացման, դրանք կօրինականացվեն, նրանք որոնք ժամանակավոր շինություններ են, պետք է հասկանալ, թե ինչ նպատակով են օգտագործվում, որովհետև բացի բնակությունից, կան դեպքեր, երբ տնակները օգտագործվում են որպես փոքր խանութներ, սպասարկման օբյեկտներ: Այն ընտանիքները, որոնք անօթևան են մնացել երկրաշարժի հետևանքով,  փախստական են կամ կան այլ պատճառներ, այդ ամենը կվերհանվեն, դրանց հիման վրա էլ կձևավորվեն պետական, համայնքային պարտավորություններ: Այն ընտանիքները, որոնք ունեն սեփականություն, սակայն ինչ-ինչ պատճառներով շարունակում են բնակվել տնակներում, նրանց ժամկետ կտրվի դրանք ազատելու»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Ամենաընթերցվածը