Խայտառակ միջադեպ Ազգային ժողովում

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 15:59
Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ այսօր միջադեպ գրանցվեց:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով դեմ է այս նախագծին, ասաց, որ անընդունելի է ՀԿ-ներին խառնել ընտանիքի հարցերին:

«Մի կազմակերպություն կա, կոչվում է «ՖԵՄԵՆ», էն որ աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է համարվում հասարակական կազմակերպություն։ Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ես ներողություն, այդ քաղհասարակություն տերմինը չեմ հասկանում»,- հայտարարեց Բաբուխանյանը:

Նրան ամոթանք տվեց Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպես արտահայտվել կանանց հասցեին, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ անել։ Թերևս դա է ձեր վերաբերմունքը կանանց հանդեպ բռնության։ Խնդրում եմ՝ զգույշ արտահայտվել և ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»:

Ամենաընթերցվածը