Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության հայտարարությունը խմբակցության իրավունքները ապօրինաբար սահմանափակելու մասին

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 15:39
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին, օրենքով սահմանված կարգով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացրել էր ՀՀ վարչապետին Գյումրու ավագանու անունից հղվելիք ուղերձի նախագիծ՝ ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Ուղերձի նպատակը ՀՀ կառավարությունից 550 մլն դրամ սուբվենցիա խնդրել էր Գյումրու համայնքապատկան մանկապարտեզները Երեւանի համայնքապատկան մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու նպատակով:  

Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության ղեկավար Ա.Վարդանյանին 2017 թ. հոկտեմբերի 31-ին նամակով տեղեկացրել է, որ այդ նախագիծը կընդգրկվի 2017 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգումԳյումրու ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո, 2017 թ. նոյեմբերի 27-ին դրել է քննարկման բոլորովին այլ՝ Գյումրու ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում եւ չի դրել քննարկման իր մատնանշած երկու հանձնաժողովների նիստերում: 

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում բուռն քննարկումներից հետո ուղերձի նախագիծը չի արժանացել դրական եզրակացության:Քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. կողմ՝ Արման Գրիգորյան («ԳԱԼԱ» խմբ.), Սուսաննա Աստոյան, Ռոման Սարգսյան (ԲՀԿ), Արմեն Տոնոյան («Բալասանյան» դաշինք), ձեռնպահ. Լուսինե Սանոյան, Կարեն Միքայելյան, Կարինե Թաթարյան («Բալասանյան» դաշինք), Հենրիկ Պողոսյան (ՀՎԿ): Ավագանու կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ Լուսինե Սանոյանը, քվեների հավասար բաշխվելու պարագայում վճռական ձայնի իրավունքով որոշել է նախագիծը համարել դրական եզրակացություն չստացած: 

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի[1] 14 հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձեւավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ..., կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից, իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում եւ քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին: Սա նշանակում է, որ ավագանու նիստի օրակարգում նախագծերը ընդգրկվում են անկախ այն հանգամանքից, թե ինչ եզրակացություններ են տալիս ավագանու հանձնաժողովները: Նման սահմանափակում չկա նաեւ Գյումրու ավագանու կանոնակարգում[2]

Գյումրու ավագանու դեկտեմբերի 6-ի նիստում օրակարգի նախագծի քննարկման ժամանակ աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանը անհաջող փորձ արեց կամայական մեկնաբանել ուղերձի նախագիծը ավագանու նիստի օրակարգ չընդգրկելը, բացատրելով այն ԱԺ ընթացակարգերի համանմանությամբ, այնինչ, օրենքի անալոգիան կարող է կիրառվել համանման դեպքերում միայն այն պայմանով, երբ տվյալ ոլորտում իրավական կարգավորումը անորոշ է: Այս դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածը սպառիչ կարգավորում է ավագանու նիստի օրակարգի ձեւավորման ընթացակարգը, ըստ որի որեւէ հանձնաժողովի բացասական եզրակացությունը կամ դրական եզրակացության բացակայությունը չի կարող արգելափակել որեւէ որոշման նախագծի ներմուծումը ավագանու նիստի օրակարգ:

Վերոհիշյալ հիմքով Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է, որ ավագանու վերոհիշյալ ուղերձը ավագանու դեկտեմբերի 6-ի օրակարգում չընդգրկելը ապօրինություն է, մասնավորաբար, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ինքնիրավչության հետեւանք: Այս ինքնիրավչությամբ փորձ է արվել սահմանափակել ավագանու ընդդիմադիր խմբակցության օրինական գործունեությունը: 

Խնդիրը կարգավորելու նպատակով կոչ ենք անում Գյումրու քաղաքապետ Բալասանյանին. 

1. Կարգի հրավիրել աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանին, համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել նրան վերոհիշյալ ինքնիրավչության համար:

2. Գյումրու ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության խնդրո առարկա ուղերձի նախագիծը: (Ուղերձի մասին որոշման նախագիծը «ԳԱԼԱ» խմբակցության ղեկավարը երկրորդ անգամ հանձնել է Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր բաժին 2017 թ. դեկտեմբերի 06-ին, ժամը 12:50-ին:)

Գյումրու ավագանու անդամներին կոչ ենք անում պաշտպանել ՀՀ կառավարությանը հղվելիք այս ուղերձը (ուղերձի նախագիծը տեսեք այս հայտարարությանը կից) եւ միաժամանակ լրացուցիչ ջանքեր ներդնել Գյումրիում մանկապարտեզները անվճար դարձնելու համար այլ միջոցներ հայթայթելու ուղղությամբ: 

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ»  խմբակցություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Արման Գրիգորյան

Լեւոն Բարսեղյան


[1] http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=325

[2] http://www.gyumricity.am/Decision2016/Decision.10.11.2016/171.1.pdf

Ամենաընթերցվածը