«Որտեղի՞ց ձեզ այդ ռեսուրսը, որով մտաք խորհրդարան»

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 14:25
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմադիրների քննադատություններին:

«Ցավով պետք է նշեմ, որ այս ելույթները պետք է լինեին կամ նախընտրական, կամ հետընտրական շրջանում: Եվ եթե դուք բոլորդ հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին արտահայտում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել ԱԺ: Ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժի, վստահված անձի կողմից չի եղել որևէ բողոքարկում: Հետընտրական որևէ պրոցեսներ, ցույցեր ու միտինգներ չեն եղել: Այսինքն՝ բոլորը գոհ էին իրենց արդյունքներից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին հայտարարություններին, Վահրամ Բաղդասարյանը հորդորեց նորից մոնիթորինգ անել, թե ում ռեսուրսներն ինչքան էին և որտեղից էին այդ ռեսուրսները: «Եթե դուք ասում եք իշխանական ռեսուրսների մասին, ապա որտեղի՞ց էին ձեր ռեսուրսները, որ կարողանում էիք ձեր ձայներն ապահովել»,- հարցադրում արեց նա:

Անդրադառնալով ներդրումների մասին քննադատություններին՝ ասաց, որ եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ երկրի զարգացմանը, որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում դրան:

«Կարող են 15 մլրդ-ի ներդրում կատարել, և մենք պարտավորվում ենք, որ այդ 15 մլրդ-ի և մյուս այլ ներդրումների վերահսկողությունը կստանձնեն մեր ընդդիմադիր գործընկերները, կստեղծվի հանձնաժողով: Երկրի զարգացմանը նպաստելու համար, ինձ թվում է, որ աթոռը չէ, որ դա համար պետք է առիթ հանդիսանա»,- ասաց նա:

Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն չի շտապում գնահատական տալ կառավարության կատարած աշխատանքին, նա գնահատականը տալիս է դրված հիմքերին:

«Այսօրվա կառավարությունը բավական հեռանկարային ծրագիր է ներկայացրել, այս բյուջեն կայունացման բյուջե է և միտված է ապագային: Եթե այսօր մի գեղեցիկ հետընտրական բյուջե ներկայացրեց կառավարությունը, մենք դա չէինք ողջունելու, որովհետև դրա հնարավորությունը չունենք: Այսօրվա կառավարությունը պահի խնդիր չի լուծում, բյուջեն դրված է ապագայի համար», հավելեց նա: 

Ամենաընթերցվածը