Զրո արդյունք, ամոթալի վիճակ, գույնզգույն փուչիկներ. Ծառուկյան դաշինքի գնահատականը կառավարությանը

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 13:15
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցությունը դեմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին, խորհդարանում այսօր ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, որ կառավարության ղեկավարն ու փոխվարչապետն այստեղ չեն, խոսում է պարզ բանի մասին՝ իրենց չի հետաքրքրում, թե այստեղ ինչ է քննարկվում: Իրենք շատ լավ գիտեն, որ կա խորհրդարանական մեծամասնություն, որը պատեհ պահի կբերվի դահլիճ, և երկրի կարևորագույն տնտեսական փաստաթուղը կսղացնեն ու կանցկացնեն», ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բոլորը հիշում են, երբ կառավարությունը նոր էր ստանձնել լիազորությունները, ինչպիսի լավատեսական գնահատականներ էին հնչում ու ուղերձներ էին հղվում հանրությանը: Այսօր, ըստ նրա, ունենք զրո արդյունք:

«Խոսենք թվերով՝ կառուպցիայի դեմ պայքար: Ընդամենը  վերջերս հրապարակվեց աշխարհի 176 երկրներում կոռուպցիայի ցուցիչը: Հայաստանը գրավում է ամոթալի 132-րդ տեղը: Հարևան Վրաստանն առաջին 50-ի մեջ է», ասաց նա:

Ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հայտարարությունները Նաիրա Զոհրաբյանը գույնզգույն փուչիկներ որակեց: Նա ասաց, որ այդ փուչիկներից ոչինչ չմնաց:

Պետական պարտքը, նրա խոսքով, 2018 թվականի հունվարից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը լինելու է 2200 դոլար: Եվ այդ պարտքը շարունակում է աճել:

Անդրադառնալով աղքատությանը՝ նա ասաց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը, որքան էլ ջանում է թվերը բերել բարեխիղճ տեսքի՝ հօգուտ իշխանության, բայց պաշտոնական թվերով ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի աղքատ է ու ծայրահեղ աղքատ: ՀՀ մոտ մեկ միլիոն քաղաքացի օրական վաստակում է ընդամենը 1000 դրամ: «Եկեք այդ 1000 դրամը համեմատենք այն խայտառակ գնաճի հետ, որը կա Հայաստանում: Բացարձակ համեմատության եզրեր չկան», ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ նախընտրական փուլում վարչապետը հայտարարել էր, թե թոշակներ ու աշխատավարձեր են բարձրացվելու: Բայց այսօր ունենք գնաճ, և եկամուտների բարձրացում չի լինելու: Զոհրաբյանը հայտարարեց, որ այս կառավարությունը չկարողացավ կտրել այն ճյուղը, որի վրա նստած են մոնոպոլիստները, օլիգարխները, նրանք, ովքեր անընդհատ դեմպինգ են անում: «Այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց թիմի շատ նեղ ներկայացաուցիչները»,- հավելեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր աշխատատեղ չկա, չի կարելի մարդկանց վիրավորել, ասել, թե ծույլ են: Բայց իրականում իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով երկրում աշխատատեղեր չկան:

«Երբ 2009 թվականին՝ ճգնաժամի պիկի ժամանակ, մեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ վարվում է սխալ քաղաքականություն, որ ճգնաժամի ժամանակ չպետք է ՓՄՁ նկատմամբ նման տեռոր իրականացվեր, այս հատվածում նստած կառավարության որոշ ներկայացուցիչներ, որ երևի չգիտես՝ կառավարության անդամ էին, շաման, թե թուղթ ու գիր անող, ասում էին՝ չի կարելի խոսել ճգնաժամի մասին, որ ճգնաժամը մեր երկիրը շրջանցի: Նման մանկապատանեկան հայտարարությունները բերեցին նրան, որ այսօր երկիրը կանգնած է լրջագույն տնտեսական կոլապսի առաջ», հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամենաընթերցվածը