Աղքատության այս ցուցանիշն ու այս կենսամակարդակը միակ պայմանն են, որ այս իշխանությունը շարունակի իշխել. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 12:58
ԱԺ Ելք խմբակցությունը դեմ է քվերակելու 2018 թվականի բյուջեի նախագծին, այսօր խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կարող ենք միանշանակ ասել՝ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի:

«Սա ընդունում է նաև կառավարությունը, որովհետև կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով գնաճը կանխատեսվել է 4 տոկոս։ Սա վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է, և շատ մեծ է հավանականությունը, որ գնաճն ավելի մեծ կլինի: Այսօր արդեն իսկ մի շարք ապրանքատեսակներ թանկացել են»,- ասաց նա:

Նա հնչեցրեց թվեր՝ կարագը թանկացել է շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ 40 տոկոսվ, տավարի միսը՝ 20 տոկոսով, բենզինը՝ 8 տոկոսով և շարունակում է թանկանալ: Իսկ հաջորդ տարի սպասվող թանկացումներն անխուսափելի են, որովհետև կապված են երկու անխուսափելի գործոնների հետ: Դրանցից մեկը շուրջ 700 ապրանքների մասով ԵՏՄ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելն է, մյուսը՝ հարկային նոր օրենսգիրքը:

«Այսպիսով, 2018 թվականին սպասվում է օղու, ծխախոտի, բենիզնինի, սեղմված բնական գազի, հավի մսի, շաքարավազի, բուսական յուղի, ատամի մածուկի, թեյի, սուրճի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացում: Հիմա ինչպե՞ս է արձագանքում կառավարությունն այս իրավիճակին: Կարող ենք ասել, որ կառավարությունն այս իրավիճակի վերաբերյալ խորը արհամարհանք է ցուցաբերում՝ թերևս հաշվի առնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը, ով ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որպեսզի ճգնաժամը չգա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ֆոնին հաջորդ տարվա բյուջեով աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն ավելանում, ընտանեկան նպաստները չեն ավելանում:

«Սա մեզ համար անըդնունելի է, բայց եկեք ծուռ նստենք, ուղիղ խոսենք: Եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանական մեծամասնության և ընդհանրապես գործող իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, որովհետև ՀՀԿ-ն վերջին ընտրություններում ստացել է յոթ հարյուր քանի հազար ձայն ու դրա 90 տոկոսն ստացել է ընտրակաշառքով՝ 10 հազար դրամը տվել են, ձայնը ստացել են։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս խորհրդարանական մեծամասնությունը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացիներն ավելի լավ ապրեն, քան նախորդ տարի մինչև ընտրությունները: Ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչո՞ւ պետք է այս խորհրդարանական մեծամասնությունն ուզենա, որ մարդը լավ ապրի: Այս մեծամասնությունը չպիտի ուզենա, որովհետև եթե մարդը լավ ապրեց, չի վերցնի այս 10 հազար դրամը ու կգնա ուրիշի օգտին կընտրի: Հիմա մենք այն իրավիճակի մեջ ենք, որ մի քիչ էլ վատացել է, ու ըսենց մնալու է, որովհետև աղքատության այս ցուցանիշն ու այս կենսամակարդակը միակ պայմանն են, որ այս իշխանությունը շարունակի իշխել: Այս իշխանությանը, այս կուսակցությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի, հակառակ դեպքում իրենք որևէ ընտրությունում չի կարող հաղթել: Եթե ժողովրդի կենսամակարդակն աճի, էս խմբակցության կեսը ինչ գործ ունի Ազգային ժողովում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ աբսուրդը հասել է նրան, որ փողոցով քայլում ես, մարդիկ գալիս ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում:

«ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում հարգելի պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք և քվեարկել եք հանուն ձեր աղքատության շարունակակնության: Սա ձեր ընտրության հետևանքն է, վայելեք: Դուք լավ չեք ապրելու, որովհետև հենց դուք լավ ապրեցիք, էս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ: Էս երկրում որևէ բան չի փոխվի, սիրելի քաղաքացիներ, քանի որ դուք վերցնում եք 10 հազար դրամ ու գնում քվեարկում եք ընտրակաշառքով։ Դուք դրանով կայացնում եք ձեր դատավճիռը , դուք շարունակելու եք մնալ անպաշտպան, գաղթական, այն իրականության մեջ, որի մեջ այսօր ապրում ենք»,- ասաց Փաշինյանը:

Ամենաընթերցվածը