Կառավարությունը բյուջեի ծախսային մասում շուրջ 15 միլիարդ դրամի ավելացում է կատարել

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 11:12
Ազգային ժողովը քննարկում է 2018 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորների ու խմբակցությունների կողմից ստացել են շուրջ 111 առաջարկություն: Դրանցից գերակշիռ մասը վերաբերել են սոցիալ-տնտեսական վիճակին ու համայնքային խնդիրներին: «2018 թվականին ըստ առաջնահերթությունների ու մեր հնարավորությունների մենք անպայման այդ խնդիրներին կանդրադառնանք: Երբ որ մենք խոսում ենք ծախսերի ավելացման մասին, մեզ համար պետք է տեսանելի լինի, թե ինչպիսի աղբյուրներից են այդ ծախսերը ֆինանսավորվելու»,- ասաց Արամյանը:

Երկրորդ խումբ առաջարկությունները վերաբերում են ոլորտներում ծախսերի ավելացմանը՝ մասնավորապես, առողջապահության ու սոցիալական ոլորտներում: Նախարարն ասաց, որ հստակություն չկար, թե որ ծրագրերի մասով են պատգամավորները ծախսերի ավելացում պահանջում, իսկ կառավարությունը գտնում է, որ ծախսերի ավելացումը պետք է հիմնավորված լինի:

Երրորդ խումբ առաջարկությունները վերաբերում են տնտեսական քաղաքականության վերաբերյալ տարբեր ծրագրերին:

Կառավարությունը բյուջեի ծախսային մասում շուրջ 15 միլիարդ դրամի ավելացում է կատարել՝ նաև հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները: Այդ գումարի շուրջ 1.5 մլրդ դրամը բաժին է ընկնում փոխարժեքի փոփոխության հետ ծագած խնդրին, փոխարժեքը նոյեմբերի մեկի դրությամբ փոխվել է՝ դրամ-դոլար և դրամ-եվրո փոխարժեքն ավելացել են: Օրինակ՝ դիվանագիտական ներկայացուցիչների ծախսերը դոլարով են կատարվում:

Մոտ 1 մլրդ դրամով ավելացել է Հայաստանի զորախմբի ֆինանսավորումը, ինչը բխում է միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասով ավելի քան 1 մլրդ դրամով ավելացել են ծախսերը: Վարդան Արամյանն ասաց, որ ջրի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու է կառավարոթյունը: 2018 թվականին սուբսիդիան կտրամադրվի, որպեսզի թանկացումը չազդի բոլոր բաժանորդների վրա, իսկ 2019 թվականից սուբսիդավորում կհատկացվի միայն սոցիալապես անապահովներին:

Կառավարության աշխատակազմին տրվող ֆինանսավորումն ավելացվում է 1 .7 մլրդ դրամով, քանի որ հաշվի են առնվում Սահմանադրական փոփոխություններն ու հաջորդ տարվա ապրիլից նոր իրավիճակը: Նախագահի աշխատակազմը դրան զուգահեռ կճատվելու է, գումարները կտեղափոխվեն կառավարության աշխատակազմ:

Առողջապահության ոլորտում ևս ծախսերի ավելացում կլինի: Ֆինանսների նախարարի խոսքով՝ 4 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվում ոլորտին:

Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է կառավարության պահուստային ֆոնդը, քանի որ առաջին հերթին սահմանադրական փոփոոխությունների անցումների ժամանակ կարող են լրացուցիչ ծախսեր պահանջվել:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի բյուջեի նախագիծով ընդհանուր եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 308 մլրդ 284 մլն դրամ: Հարկային եկամուտների և պետական տուրքի մասով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ դրամ, ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 307 մլրդ դրամ: 

Ամենաընթերցվածը