Գյումրու քաղաքապետարանում իրականացվում է տնակների հաշվառում

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 10:57
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում քննարկվում է Գյումրի քաղաքը ժամանակավոր կացարաններից ազատելու խնդիրը: Թեև տարբեր առաջարկներ են քննարկվում, սակայն դեռ հարցին վերջնական լուծում չի տրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Միևնույն ժամանակ Գյումրու քաղաքապետարանում իրականացվում է տնակների հաշվառում՝ ինչպես տնակների, այնպես էլ դրանցում բնակվողների իրական թիվը ճշտելու նպատակով:

«Քաղաքում կա մոտ 2 հազար տնակ, որտեղ բնակվում են երկրաշարժից հետո անօթևան չմնացած ընտանիքներ: Այս պահին Գյումրիի քաղաքապետարանում ընթանում է նրանց հաշվառումը, երբ այն ավարտվի, նոր պարզ կլինի, թե քանի ընտանիք է բնակվում տնակներում ու ժամանակավոր կացարաններում: Ասեմ, որ այդ ընտանիքների մեծ մասը փոխհատուցվել է՝ ստացել են բնակարաններ, որոնք տարբեր ճանապարհներով օտարել են՝ վաճառել, նվիրել, թողել ընտանիքի մի մասին, իսկ մյուս մասն էլ ընդհանրապես չունեն երկրաշարժից անօթևան մնացածի կարգավիճակ: ԲաԺանվելով ծնողներից՝ նրանք տեղափոխվել են տնակներ կամ տնակներ են տեղափոխվել հարակից համայնքներից»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով 20 հազար 612 բնակարան քանդվեց կամ դարձավ բնակության համար ոչ պիտանի: Այդ թիվը ողջ մարզում հասավ 22 հազար 700-ի: Տարիներ անց էլ, չնայած կառուցված բնականների թիվը գերազանցում է կորցրածին, այնուամենայնիվ, քաղաքում դեռ տնակներ կան: Անցած տարիների ընթացքում Գյումրիում տարբեր ծրագրերով կառուցվել կամ «Բնակարանի վկայագիր» ծրագրով ձեռք է բերվել 21 հազար 184 բնակարան՝ ավելին, քան կորցրել է քաղաքը:

Ամենաընթերցվածը