Ազգային ժողովն ընդունեց զինծառայություն չանցած քաղաքացիների մասին նախագիծը

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 10:33
Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չկար:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախքան քվեարկությունն ասաց, որ օրենքով խնդիր է վճարի չափը կրկնակի բարձրացնելը, սակայն իրենք կողմ են քվեարկում, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են այս հնարավորությունից օգտվել, կարողանան գալ հայրենիք:

Հիշեցնենք, որ այս օրենքով առաջարկվում է պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող և 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել և ազատվել հետախուզումից: Վճարի չափը կրկնապատկվում է՝ յուրաքանչյուր զորակոչի համար սահմանվելով 200 հազար դրամ՝ նախկին 100 հազարի փոխարեն:

Նաև հայտնի է, որ արդեն 2020 թվականից այս հնարավորությունը չի ընձեռվի բանակից խուսափած և արտերկրում գտնվող անձանց:

Ամենաընթերցվածը