Ովքեր կարող են օգտվել դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից. ՀԺ

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 08:55
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:

Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո եւ որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչեւ 55 հազար դրամի չափով:

«18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում եւ այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:  

Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ եւ շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:

Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին:

Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը:

«Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի եւ նաեւ չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ ե՛ւ ծնողի, ե՛ւ դայակի համար, որովհետեւ այդպիսով արդեն սահմանվում են ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները: Նույն դայակը, որը առանց որեւէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում եւ միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ:

«Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար եւ ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը:

Ինչ վերաբերում է «դայակների» ծրագրի հետ միաժամանակ մշակված մեկ այլ ծրագրի, այն, ինչպես ասաց նախարարության պաշտոնյան, չի իրագործվելու»:

Ամենաընթերցվածը