Հայաստանի բնակչության նվազումն ըստ տարիների

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 22:36
Հայաստանում 1990 թվականից սկսած մշտական բնակչության թիվն ըստ տարիների նվազել է: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2017» զեկույցը, որում ժողովրդագրական իրավիճակը մտահոգիչ է որակվում:

Ըստ զեկույցի՝ 1990 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 514.9 հազար, 1993-ին՝ 3 մլն 463.7 հազար, 1996-ին՝ 3 մլն 248.8 հազար, 2001-ին՝ 3 մլն 213.0  հազար մարդ: 2011 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 018.9 հազար, 2015-ին՝ 3 մլն 010.6 հազար մարդ, իսկ արդեն 2016 թվականին մշտական բնակչության թիվն իջել է 3 մլն-ի շեմից՝ կազմելով 2 մլն 998.6 հազար մարդ:

Այս տարի նվազման միտումը շարունակվել է, հունվարի մեկի դրությամբ մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 986.1 հազար:

2016թ. տարեսկզբի համեմատ այս տարի բնակչության թիվը նվազել է 12.4 հազարով, որը ձևավորվել է այդ ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տարբերությամբ:

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.5 %-ը կազմել է արական, իսկ 52.5%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը 2017 թվականի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 տարի:

Ըստ ԱՎԾ-ի՝ 1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2016 թվականին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 13.5 պրոմիլ, 2015թ. 13.9 պրոմիլի և 1996թ. 14.8 պրոմիլի համեմատ:

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը ծնունակ տարիքի մեկ կնոջ հաշվով 2016 թվականին կազմել է 1.647 միավոր, 2015թ. 1.645 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից:

Ըստ զեկույցի՝ եթե 1990 թվականին Հայաստանում ծնվել էր 79.9 հազար մարդ, ապա 1996 թվականին կտրուկ նվազում է եղել, ծնունդները կազմել են 48.1 հազար, իսկ 2016-ին ծնվել է 40.6 հազար մարդ:

Ամենաընթերցվածը