Որտեղ են խաբում թվերը. փաստերի ստուգում

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 18:35
Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ այս տարի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալների զգալի աճ է եղել: Այդ են վկայում նաև Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Աճել է արտահանումը թե ԵՏՄ, թե ԵՄ անդամ երկրներ: Սակայն Եվրամիություն արտահանման աճը կապված է հանքահումքային ոլորտի հետ, իսկ ԵՏՄ երկրներից արտահանումն աճել է միայն Ռուսաստանի ուղղությամբ, իսկ Բելառուս և Ղազախստան արտահանումը նվազել է:

Արտահանման աճի տեմպերի հիմնական շարժիչներն են հանքամուքային արտադրանքի և սննդի արտահանումը:

Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքներից մեկը պղնձի խտահանքն է: Վերջին տարիներին անշեղորեն աճում է այդ ապրանքի արտահանումը: Եթե 2010 թվականին այն կազմել է 116 հազար տոննա, ապա 2016 թվականին՝ 397 հազար տոննա:

Եթե արտահանման ծավալները հաշվենք առանց հանքային արտահանման, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին կունենանք 1 միլիարդ 59 միլիոն դոլարի արտահանում, իսկ անցած տարվա առաջին 9 ամիսներին՝ 956 միլիոն դոլարի արտահանումը, հետևաբար՝ արտահանման աճը՝ 10.7%:

Արտահանվող երկրորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանք է, որի սպառման գլխավոր շուկան Ռուսաստանն է: Այս տարվա նշված ժամանակահատվածում սննդի արտահանումը կազմել է 362.7 միլիոն դոլար, աճը՝ 28.4%: Եթե արտահանումից հանենք նաև սննդի մասը, ապա 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այն կկազմի 674 միլիոն դոլար, իսկ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝  697 միլիոն դոլար, արտահանման աճը՝ 3.4%: Այսինքն, մնացած ոլորտներում ընդհանուր աճը փոքր է եղել:

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 301 միլիոն դոլար, աճը՝ 31%, ընդ որում, դա մեծամասամբ կապված է Բուլղարիա արտահանման աճի հետ: Դեպի ԵՄ արտահանման զգալի մասը՝ 44%-ը բաժին է հասնում Բուլղարիային: Բուլղարիա արտահանման ապրանքախմբում գլխավորը հանքաքարն ու պղնձի Բուլղարիա պղնձի խտահանքի արտահանումը 2017 թվականի հունվար-հունիսին կազմել է 133.6 միլիոն դոլար (ՊԵԿ-ն առայժմ հրապարակել է միայն 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքները):

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներին, Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել թե Ռուսաստանի, թե Բելառուսի, թե Ղազախստանի հետ: Ընդ որում, եթե հունվար-սեպտեմբերին Ռուսաստան արտահանումը կազմել է 337.5 միլիոն դոլար, աճը՝ 28.8%, ապա Ղազախստան և Բելառուս արտահանումը նվազել է համապատասխանաբար 30 և 49%-ով:

Մանրամասն՝ այստեղ


Ամենաընթերցվածը