«Մեղավորներ չփնտրեք». Դրվագ իշխանական դեմագոգիայից

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 16:09
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության կողմից աղքատության վերաբերյալ հրապարակմանը: Դիտարկմանը, որ պաշտոնական թվերով՝ Հայաստանում 10-ից 3-ն աղքատ են, Բաղդասարյանը պատասխանեց, որ իշխանության ներկայացուցիչները վիճակագրական տվյալները չեն ժխտում և ասում են, որ ունենք նմանօրինակ խնդիր:

«Եվ այդ խնդրի դեմ մենք պետք է կարողանանք այնպիսի գործիքներ օգտագործել, որ կարողանանք հաղթահարել: Բայց այն ծրագրային դրույթները, որոնք դրված են, աղքատության կրճատման խնդիրները, ինձ թվում է, որ մենք դրա հետ կապված պետք է լուրջ աշխատանքներ տանենք: Մենք չենք ժխտում, որ կա նման երևույթ»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե 10 տարուց ավելի է՝ այս իշխանությունն ասում է, թե պայքարում է աղքատության դեմ, ի՞նչն է պատճառը, որ արդյունք չկա, նա պատասխանեց, որ ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում: Եթե այլ երկրների օրինակներ կան, որ շատ արագ աղքատությունը հաղթահարվել է, այդ դեպքում հնարավոր է ասել, որ Հայաստանում հաղթահարման գործիքներին չեն տիրապետում: Դա, ըստ Բաղդասարյանի, աշխարհում ընդհանուր տենդենց է:

Անդրադառնալով արտագաղթի մասին հարցին՝ նա հարցադրում արեց. «Իսկ կա՞ն երկրներ, որտեղից չեն գնում: Ես խնդրում եմ, նայեք Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթը: Մենք անպայման պետք է գնանք Սինգապուրի հետ համեմատվե՞նք: Մենք ունենք արտագաղթ, բայց այն տեմպերը, որի մասին խոսում եք, նման տեմպեր չկան: Հիմնականում գնում են աշխատանքի՝ վերադառնալու պայմանով: Դուք անընդհատ նշում եք գնալը, բայց վերադարձի մասին չեք նշում»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ տեմպերը եղել են դանդաղ, և ներկայիս կառավարության ծրագրային դրույթներով պարզապես պարտավորվում է բոլորի առաջ, որ այդ տեմպերն այլևս չեն լինի դանդաղ:

«Եվ պատահական չէ, որ եթե մենք գոհ լինեինք, այդ փոփոխությունները, ընդ որում համակարգային փոփոխություններ չէին արվի: Ես խնդրում եմ մեղավորներ չփնտրեք: Տեմպերը դանդաղել դա չի նշանակում ձախողել, դրա համար կան բազմաթիվ պատճառներ, նաև միջազգային ազդակներն ու ազդեցությունը»,- հավելեց Բաղդասարյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ կառավարությունը հենց ինքը ընդունեց, որ կատարված աշխատանքները բավարար չեն եղել:

Ամենաընթերցվածը