Գարդասիլ պատվաստանյութը Հայաստան ներկրվելուց առաջ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:30

Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան Մերկ ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։   

Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։ Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի փորձաքննություն։  34.700 դեղաչափ պատվաստանյութի լաբորատոր հետազոտության արդյունքում տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ N 171337 (նկարում)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Սերտիֆիկատում նշվում է, որ N 013326 սերիայի պատվաստանյութը, որը ներկրվել է ՀՀ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, համապատասխանում է ազգային և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի Ա մասի պահանջներին, որոնք ապահովում են գենային ինժեներիայի ճանապարհով ստացված (ռեկոմբինանտ) վիրուսանման մասնիկներ պարունակող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Սերտիֆիկատը նաև հավաստում է, որ պատվաստանյութի այս խմբաքանակն արտադրվել է  կենսաբանական արտադրանքի հիմնական սկզբունքներին և պատշաճ արտադրական գործընթացին համահունչ։

Ներկայացվում են նաև լաբորատոր քննությունների արդյունքները։

Նշենք, որ ռեկոմբինանտ պատվաստանյութերը ներկայումս համարվում են ամենաանվտանգն ու արդյունավետը։ Հայաստանում 2000 թվականից  ռեկոմբինանտ պատվաստանյութ կիրառվում է հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում։

Ամենաընթերցվածը