Զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու մասին օրենքը 2019թ. հետո այլևս չի երկարաձգվի

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:21

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: 

Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: 

«Այս օրենքը, ունենալով բարի նպատակ, շարունակում է մնալ բանակ գնալու ցանկություն չունեցող և բանակից խուսափել ցանկացող մարդկանց մասին օրենք: Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են համապատասխան վճարումները կատարել և ազատվել քրեական հետապնդումից:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս արձանագրեց, որ օրենքը երկարաձգվում է վերջին անգամ: Նրա խոսքով՝ այս մասին հարկավոր է հնարավորինս իրազեկել մարդկանց, որպեսզի այն անձինք, ովքեր ցանկանում են օգտվել հնարավորությունից և համապատասխան վճարի դիմաց ազատվել քրեական հետապնդումից, տեղավորվեն ժամկետների մեջ:

«2019թ. դեկտեմբերի 31-ից հետո արդեն զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառվելու է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, նրանք այլևս լեգալ հիմքեր չեն ունենա գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար», ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը