Երեւանի տոնական տեսքն ապահովելու համար համայնքային բյուջեից 54 միլիոն դրամ է հատկացվել

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 13:24
Երեւանի տոնական միջոցառումների համար այս տարի համայնքային բյուջեից 54 միլիոն դրամ է ծախսվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: «Բացի նախորդ տարվանից, երբ ապրիլյան պատերազմով պայմանավորված մեր բյուջեն կրճատվեց եւ ուղղվեց ավելի շատ սոցիալական ծրագրերին, նախորդ տարիներին Ամանորի միջոցառումների համար եւս այդքան գումար է ծախսվել»,-ասաց նա:

 Նրա խոսքով` Ամանորին կգերակշռի դեղին գույնը՝ պայմանավորված դեղին շան տարով, սակայն մայրաքաղաքի ամանորյա ձեւավորման մեջ կլինեն նաեւ այլ գույներ: «Այս տարի մի շարք նորություններ կան նաեւ զբոսաշրջիկների եւ խաղային միջոցառումների սիրահարների համար: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տոնական ծրագրերը կշարունակվեն նաեւ հունվարի 1-ին, 2-ին, 3-ին եւ դրանց հաջորդող օրերին»,-ասաց նա:

Մայրաքաղաքում տոնական միջոցառումներ կանցկացվեն ամենատարբեր վայրերում: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հունվարի 1-ից Երեւանում կաշխատեն նաեւ մի շարք սննդի եւ ժամանցի վայրեր:

Ամենաընթերցվածը