«Քաղաքացին սոված է, իշխանությունն՝ իր տեղում, մենք բոլորս ազատ ենք»

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 12:51
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե իշխանություններն իրավունք ունե՞ն կուշտ լինելու, եթե հասարակության 40 տոկոսը սոված է, պատասխանեց. “Ես ձեզ ավելի պարզ հարց պիտի տամ, այդ վիճակագրությունը՝ 45 տոկոս սոված, եթե դուք ինձ բերեք, թե որտեղից եք վերցրեք: Կարող է 25 տոկոս լինի: Եթե դուք ուզում եք ասել՝ արդյոք իշխանությունները կրում են պատասխանատվություն սպառողական շուկայի գների ձևավորման համար, իրականում խնդիրը մի քիչ ավելի այլ է”:

Նա նշեց, որ այսօր արձանագրված թանկացումները պետական քաղաքականությամբ պայմանավորված չեն:

Ըստ Հարությունյանի՝ իշխանության նպատակն է հասկանալ, թե որն է թանկացումների պատճառը, կա՞ն գործոններ՝ գների վրա ազդող, որոնք պայմանավորված են մեր ներքին օրեսնդրությամբ, ընթացակարգերով: Նաև պետք է նայել, թե կա՞ն գործոններ, որոնք ազդում են գների թանկացման վրա, բայց Հայաստանի քաղաքականությամբ պայմանավորված չեն:

Հարցին, թե ինշխանությունները տեղյա՞կ են, որ սոված ընտանիքներ կան Հայաստանում, նա պատասխանեց՝ այն որ կան սոցիալապես ծանր վիճակում գտնվողներ, դա ակնհայտ է:

“Քաղաքացին սոված է, իշխանությունն՝ իր տեղում, քաղաքացիական հասարակություն, ընտրություններ, ընտրությունների արդյունքներ, մենք բոլորս ազատ ենք”,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև այն վերլուծություններին, ըստ որոնց՝ հունվարի մեկից ԵՏՄ մաքսային օրենսգրքով թանկացումների նոր ալիք է լինելու:

“Դուք կարդացե՞լ եք: Մաքսային օրենսգիրքը որևէ կապ չունի դրույքաչափերի հետ: Այո, մենք կընդունենք Մաքսային օրենսգիրքը, դրանով ընդամենը ընթացակարգերը պարզեցվում են՝ ի օգուտ տնտեսավարողների”,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա ասաց, որ իրենց կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի հասարակության կյանքն այսօրվա համեմատ չի վատանալու:

Ամենաընթերցվածը