Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «ZTE»-ի ներկայացուցիչներին

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 11:45
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած «ZTE» չինական կորպորացիայի ներկայացուցիչներին` փոխնախագահ Սյուե Բինի գլխավորությամբ։

Հյուրերը ներկայացրին ընկերության այս տարվա գործունեությունը, գրանցած հաջողությունները։ Սյուե Բինը հայտնեց, որ ընկերության եկամուտը 2017թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 12 միլիարդ դոլար, որի 10 տոկոսը հատկացվում է գիտահետազոտական ծրագրերին (R&D)։

Ընկերությունը մասնավորապես կենտրոնացած է 5G ստանդարտի զարգացման վրա։

Հայաստանում ընկերությունն ունի միայն վաճառքի ներկայացուցչություն, մի քանի պայմանագրերով աշխատում են հայաստանյան հեռահաղորդակցության 2 օպերատորների հետ` IP հեռուստատեսային ծառայությունների և այլ ոլորտներում։

Նախարարն առաջարկեց «ZTE» ներկայացուցիչներին R&D լաբորատորիա հիմնել նաև Հայաստանում` հաշվի առնելով մեր երկրում նախադրյալների և բարձրակարգ մասնագետների առկայությունը։

Վահան Մարտիրոսյանը նաև Կառավարության կողմից աջակցության պատրաստակամություն հայտնեց, եթե ընկերությունը որոշի լայնամասշտաբ որևէ ծրագիր իրականացնել Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև տարածաշրջանային Data center-ի (տվյալների մշակման կենտրոնի) ստեղծման նախագիծը։ Նախարարն ասաց, որ ուրախ կլինի, եթե «ZTE»-ն որևէ ձևաչափով մասնակցի այս ծրագրի իրագործմանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը