Նախատեսվում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. ՊԵԿ փոխնախագահը՝ ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 11:36
Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մանրամասնեց օրենսգրքի դրույթները: Նա ասաց, որ նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում, անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, էապես կրճատվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև շփումները: Ըստ Միրումյանի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է գործունեության հստակ կարգավորումներ:

«Մասնավորապես, կրճատվում է ապրանքների հայտարարագրման ժամկետը՝ երկու ժամից սահմանելով մեկ ժամ: Միաժամանակ, պարտավորեցվում է մաքսային մարմիններին, որպեսզի մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժեն մաքսային հայտարարագիրը, այլ տեղեկացնեն տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավորություն տալով նրանց ուղղել մաքսային հայտարարագիրը, որից հետո այդ հայտարարագրի ընդունումը կատարել մեկ ժամվա ընթացքում»,- ասաց Միրումյանը: Ըստ նրա՝ նախատեսված է հնարավորություն մաքսային հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաթղթերի: Սա նորույթ է, քանի դեռ ուղին ընտրված չէ՝ կանաչ, դեղին, թե կարմիր, տնտեսվարողը կարող է ներկայացնել միայն մաքսային հայտարարագիր, առանց ուղեկցող փաստաթղթերի: Դրանից հետո, եթե կընտրվի կանաչ ուղին, նշանակում է այլևս չի լինի անհրաժեշտություն ներկայացնելու այդ փաստաթղթերը: Եթե կընտրվեն դեղին կամ կարմիր ուղիները, նոր կառաջանա անհրաժեշտություն ներկայացնելու նաև ուղեկցող փաստաթղթերը:

Օրենսգրքով, ըստ Միրումյանի, ամրագրված է փաստաթղթավորման մեկ միասնական պատուհան: Դա նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսվարող սուբյեկտն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, և այդ տեղեկատվությունն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու ժամանակ այլևս անհրաժեշտություն չի լինելու այդ փաստաթուղթը ներկայացնելու:

«Բոլոր ապրանքների ներմուծման մասով նախատեսված է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Սա նույնպես նորություն է, նախատեսված է, որ տնտեսվարողի ցանկության պարագայում մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս՝ տոկոսների վճարմամբ: Իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով: Ներդրված է նաև կարևոր համակարգ՝ նախնական տեղեկատվության ներկայացման մասին է խոսքը, ինչը հնարավորություն է ընձեռում շատ արդյունավետ ձևով գնահատել ու կառավարել ռիսկերը, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում մաքսային սահմանը հատել ավելի արագ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Ապրանքների հայտարարագրման և բաց թողնման գործընթացում մեկ աշխատանքային օրը կրճատվել է վեց անգամ՝ սահմանվելով առավելագույնը 4 ժամ ապրանքը բաց թողնելու համար:

Մաքսային արժեքների որոշման մեթոդների մասով սահմանված է վեց մեթոդ, ինչպես ներկայումս է: Դրանց կիրառության պարագայում առավելությունը վերապահված է առաջին մեթոդին՝ այսինքն՝ գործարքի գնի մեթոդին: Եվ ԵՏՄ Մաքսային օրենսգրքով հստակեցված են այն կանոնները, որոնց մասով պետք է որոշումներ կայացվեն տվյալ գործարքի մաքսային արժեքն առաջին մեթոդով ընդունելու կամ չընդունելու համար:

«Եվ նախատեսված է նաև, այսպես կոչված, մաքսային վճարների համաներում: Խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծում ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքերին, որի ժամանակ տեղի են ունեցել մաքսային ընթացակարգերի խախտումներ: Բոլոր այն դեպքերում, երբ ֆիզիկական անձինք ժամանակավոր ներմուծում ընթացակարգով ներմուծել են տրանսպորտային միջոցներ և ընթացակարգերի խախտմամբ նրանց մոտ արձանագրվել են ինչպես մաքսային վճարներ, այնպես էլ մաքսային վճարների գծով հաշվարկված տույժեր ու տուգանքներ, ապա օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո թե մայր գումարները, թե տույժերն ու տուգանքները ամբողջությամբ զիջվում են»,- հավելեց Միրումյանը:

Ամենաընթերցվածը