ԱԺ-ն մերժեց քննարկել ԵՏՄ-ից դուրս գալու հարցով հայտարարության նախագիծը

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 10:47
Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում մերժեց Ելք խմբակցության՝ Հայաստանի մասով ԵՏՄ անդամակցության դադարեցման մասին հայտարարության տեքստի նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:

Նախագիծը լիագումար նիստում քննարկելուն դեմ քվեարկեց 76, կողմ՝ ընդամենը 6 պատգամավոր: Կողմ քվեարկեցին միայն Ելքի պատգամավորները:

Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ չորս տարվա մեջ չունեն գեթ մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵՏՄ-ն օգուտ է Հայաստանին, և մենք պետք է շարունակենք անդամ լինել այդ կառույցին:

«Ազգային ժողովում ահաբեկման մթնոլորտում էր քննարկվում մեր նախաձեռնությունը, որ այ այս կլինի, այն կլինի, եթե դուրս գանք ԵՏՄ-ից: Ձեր հայտարարությունների շնորհիվ հակառուսական տրամադրություններ են Հայաստանում: Դե հիմա թող կողմ քվեարկողները գնան, շրջեն մարզերում, թե ինչու են օրեցօր թանկանում ապրանքները: Դուք դրա մասին մտածեք», ասաց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություն է ՀՀ համար, որը թույլ է տալիս, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում կարողանանք բավական լուրջ տնտեսական շուկաներում առաջ մղել մեր ապրանքները՝ դրանով բարձրացնելով երկրում բարեկեցությունը, հնարավորություն ստեղծել տնտեսության զարգացման համար:

«Բնականաբար, տեմպերը  բավարար չեն մեզ համար, բայց մենք ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ որևէ տնտեսական միություն կարճ ժամանակահատվածում չի կայացել: Մենք խորապես վստահ ենք, որ այն որոշումները, որոնք ժամանակին կայացվել են ԵՏՄ մտնելու մասով, եղել են բազմակողմանի վերլուծված: Եվ ՀՀ համար շատ ավելի շահավետ է փորձել իրացնել այն հնարավորությունը, որը մեզ տրվում է ԵՏՄ շրջանակներում», ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ամենաընթերցվածը