Ազգային ժողովը կվավերացնի եւս մեկ սարսափելի փաստաթուղթ

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 10:35

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Մաքսային օրենսգիրքը ԵՏՄ-ում ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Տնտեսագետներն արդեն ահազանգում են, որ դա հազարավոր ապրանքատեսակների թանկացումների պատճառ է դառնալու: Կասկած չկա, որ ԱԺ-ն վավերացնելու է այն, եւ հունվարի 1-ից Հայաստանի բնակչությունը լիարժեք զգալու է ԵՏՄ-ի «հմայքը»:

Բացի թանկացումներից, կա եւս մեկ հանգամանք: Հայաստանը նոյեմբերի 24-ին ստորագրեց ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, որը չնայած «զուտ քաղաքական» փաստաթուղթ լինելուց, տնտեսական որոշակի արտոնություններ է նախատեսում, որի մի մասը կարող է ուժի մեջ մտնել արդեն հունվարին:

Ներկայացնելով դրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, որ բոլոր կարգավորումներն իրականացվելու են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի համաձայն: Սակայն դեռեւս անհայտ է մնում, թե ինչպես է դա համատեղվելու ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հետ, որը, ինչպես նշում են փորձագետները, հակասում է ԱՀԿ նորմերին: Թերեւս դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, ով հույս էր հայտնում, որ ի վերջո հաշվի կառնվեն ԱՀԿ նորմերը:

Մի խոսքով, Հայաստանի Ազգային ժողովը վավերացնելու է մի փաստաթուղթ, որը մի կողմից ավելի է ծանրացնելու սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում, մյուս կողմից խառնաշփոթ է ստեղծելու Եվրամիության ու ԱՀԿ հետ Հայաստանի հարաբերություններում:

ԵՏՄ-ն ստեղծվել է Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական խնդիրները լուծելու համար: ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը լիովին արտահայտում է այդ տրամաբանությունը:

Ամենաընթերցվածը