«Մենք այդ հաշվարկն ունենք». ԿԲ նախագահը հունվարի 1-ից սպասվող գնաճի մասին

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 16:40
Հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ընդամենը մեկ տոկոսային կետով է ազդեցություն ունենալու Հայաստանի գնաճային ցուցանիշի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ կառավարությունը չի՞ կարծում, որ թերագնահատաված են այն գնաճային ճնշումները, որոնք գրանցվելու են ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո:

Արթուր Ջավադյանն ի պատասխան ասաց, որ այս պահին ունենք 1.2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հոկտեմբեր ամսվա գնաճը եղել է 0.8 տոկոս: 

«Այդ ապրանքատեսակները, որոնց մասին բազմիցս խոսվել է և խոսվում է մամուլում, կարագն ու մսամթերքն են: Այդ մասով բացատրություններ համապատասխան պատկան մարմինները տվել են: Այստեղ, իհարկե, կան աճեր, բայց կան նվազումներ մի շարք այլ ապրանքատեսակների մեջ, որոնք մեր զամբյուղի մեջ են: Հիմնականում խոսքը գնում է բանջարեղենի, մրգի ու ծառայությունների գների մասին՝ տոմսեր և այլն», ասաց ԿԲ նախագահը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ազդեցությանը, ԿԲ նախագահը հավելեց. «Մենք այդ վարժություններն արել ենք, հաշվարկն ունենք: Ես հիմա ստույգ չեմ կարող ասել: Եթե չեմ սխալվում տուրքերի մասով գնաճային ազդեցությունը կլինի մոտավորապես 0.41 տոկոս, իսկ մյուս մասով՝ մոտ 0.5 տոկոս: Ընդհանուր առմամբ մեկ տոկոսից ավելի է ազդեցությունը»:

Ամենաընթերցվածը