Ելքի պատգամավորն առաջարկեց զինծառայության մասին օրենքում փոփոխությունները հետաձգել

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 16:14
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կառավարությանը կոչ է անում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերջնական ընդունման համար «թայմ աութ» վերցնել և այս քաղաքական իրավիճակի վերաբերյալ հանգուցալուծում առաջարկել: ԱԺ ամբիոնից նա ասաց, որ հինգ ուսանողներն արդեն հացադուլ են անում, ստեղծված իրավիճակը հանգուցալուծում է պահանջում: «Ես առաջարկում եմ ԱԺ-ին այս օրենքի քննարկումները մի փոքր հետաձգել, որպեսզի հասկանանք, հարցը ոնց ենք լուծում»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը կրկնեց ուսանողների պահանջները՝ դրանք համարելով արդարացի:

«Սոցիալական անարդարությունը, որը վկայակոչում են բաղոքի ակցիայի մասնակիցները, դրսևրովորվում է զանազան պաշտոնյաների որդիների բանակ չգնալով: Հասարակությունը վստահ է, որ այս պրակտիկան շարունակվելու է, և նրանք այսուհետ ևս շարունակելու են խուսափել բանակից՝ օգտագործելով այս անգամ արդեն առողջապահական սողանցքները: Երկրորդ, վիճակագրությունը փաստում է, որ բանակում չծառայած 100 երիատասարդներից 90-ն ազատվում են առողջապահական հիմքերով և միայն 10-ը գիտությամբ զբաղվելու հիմնավորմամբ: Տարեկան միայն շուրջ 140 հոգի է տարկետում ստանում ասպիրանտուրա ընդունվելու բերումով: Միաժամանակ, ամեն տարի բակալավրիատուրան ու մագիստրատուրան ավարտում են հազարավոր երիտասարդներ, որոնք ենթակա են զորակոչի: Մեզ վստահեցնում են, որ այդ հազարավորներից միայն 16 տոկոսին է հաջողվում զորակոչել, բայց այդ հարցի հասցեատերն արդեն դատախազությունն ու հակոկոռուպցիոն մարմիններն են, այս օրենքն այստեղ անելիք չունի»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա առաջարկը չընդունվեց, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ կառավարության նպատակն այլ է, ոչ թե գիտությանը վնաս հասցնելը:

Ամենաընթերցվածը