Փոփոխությունները կլուծեն նաև պաշտոնյաների որդիների ծառայության հարցը. Արտակ Զաքարյան

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 14:30
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների կողմից Վիգեն Սարգսյանի հասցեին հնչեցրած քննադատություններին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է:

«Դա քննադատություն չէ, դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե այդպես էլ բաց է մնում Վիգեն Սարգսյանի ծառայության հետ կապված հարցը, որտե՞ղ է նա ծառայություն անցել, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ լրագրողներն իրավունք ունեն դիմելու և պաշտոնապես ստանալու այդ հարցի պատասխանը: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չկան Վիգեն Սարգսյանի՝ բանակից ազատվելու հիմքերը, Զաքարյանը նման պատասխան տվեց. «Իմ ծառայության հիմքերն էլ չկան, որովհետև կարգն այդպես է, հինգ տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են ու ոչնչացվում: Ես էլ ծառայել եմ, բայց ոչ մեկդ չեք կարա գնաք, գտնեք էն թղթերը, որ ես ծառայել եմ»:

Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ Վիգեն Սարգսյանը ծառայություն է անցել Պաշտպանության նախարարությունում: Դիտարկմանը, որ նա առաջնագծում չի անցել ու վիրավորվելու վտանգ չի ունեցել, Զաքարյանը պատասխանեց. «Ինչի եք անպայման ուզում, որ բոլորը վիրավորվեն, անպայման տուժեն: Հիմա իմ բախտն էլ բերել է, որ չեմ վիրավորվել»:

Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ  ուզում են այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնել, պաշտոնյաների որդիների ծառայության մասով էլ հարցեր չեն լինի: «Եթե մեկ կամ երկու տարի հետո կլինեն նման դեպքեր, այդ ժամանակ կգաք կասեք՝ հիշո՞ւմ եք, պարոն Զաքարյան, դուք նման բան էիք ասում: Մենք ամեն ինչ անելու ենք, չառանձնացնենք, այսօր պաշտոնյանի որդի է, վաղը ոչ, կամ էլ վաղը պաշտոնյայի որդի է լինելու, քաղաքացիներ են, Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություն կա, և դա պարտավորություններից մեկն է: Մենք պետք է հասնենք նրան, որ այս խնդիրները չքննարկվեն, որ ամոթ լինի չծառայելը»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը