«Էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում». Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանին

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 13:32
«Տարօրինակ է Պաշտպանության նախարարի բացակայությունը: Նամանավանդ առաջին ընթերցման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ խոսցքից հետո, որին անդրադառնալու առիթ մինչև այս պահը չեմ ունեցել: Սա առաջին առիթն է, և ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ: Ընդհանրապես Պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը մնում ա, էս ամբիոնից ասում ա՝ ես՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս: Այ ժողովուրդ ջան, էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, ԱԺ նախագահի ընդունարանից դուրս ա եկել, մտել ա Պաշտպանության նախարարի ընդունարան, այնտեղից դուրս ա եկել, մտել ա նախագահականում ինչ-որ հարկի ընդունարան, հետո տակի հարկի ընդունարան, հիմա եկել, կանգնել ա դեմներս, ասում ա՝ ես քաղաքական գործիչ եմ: Իր քաղաքական գործունեության ընթացքում վերջին անգամ էս մարդը ժիվոյ քաղաքացի երբ ա տեսել, բացի էն քաղաքացիներից, որոնց նախագահականում զննում են, ինչ հարց պետք ա տան, գրում տալիս են, ինչ պատասխան պետք ա տան, գրում տալիս են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Զինծառայության մասին օրենքի քննարկմանը:

Նրա խոսքով՝ հիմա էլ Վիգեն Սարգսյանը եկել ու ԱԺ ամբինոից հոխորտում է քաղաքական ուժերի հասցեին:

«Հաջորդը, ասում ա՝ ինչ պայմաններում ես ծառայել եմ հայոց բանակում, նույն պայմաններում ծառայություն եմ առաջարկում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանն առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ: Վիգեն Սարգսյանը, ինչպես չակերտավոր քաղաքական գործունեությունը, նույնպես էլ բանակային ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ»,- ասաց պատգամավորը:

Եվ, ըստ Փաշինյանի, ով այսօր կարծում է, որ Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար է, նա իրավիճակը լավ չի պատկերացնում: Վիգեն Սարգսյանն այսօր էլ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է և աշխատում է Պաշտպանության նախարարի կաբինետում:

«Իմիջիայլոց, հաշվի առեք, որ երեք ուժային կառույցներից երկուսի ղեկավարների կաբինետում այս պահին աշխատում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները: Եվ նրանցից ոչ մեկը թող չհամարձակվի այս ամբիոնից հայտարարել, որ քաղաքական գործիչ է: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պետք է ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, ժոգա կստանաք և կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք: Ձեր նուրբ քիմքը կարմիր և սև իկրային ավելի սովոր է»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս քննարկումների ֆոնին հարց առաջացավ՝ Վիգեն Սարգսյանն ընդհնարապես ծառայել է, թե ոչ: Նա նշեց, որ հանրապետական զինկոմին հարցում է ուղարկել՝ պահանջելով, որ տան բացատրություն, թե երբ լրացել է Վիգեն Սարգսյանի 18 տարին, նա ինչո՞ւ բանակ չի գնացել: «Ինձ պատասխան է ուղարկում, ասում է՝ գիտեք ինչ, այդ հիմքերը եղել են, բայց հիմա ոչնչացվել են: Այ քեզ պատասխան»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Ազգ-բանակ հայեցակարգին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Վիգեն Սարգսյանն ասում է՝ մեր Ազգ-բանակ հայեցակարգը, բայց դա իրենցը չէ:

«Ազգ-բանակ հայեցակարգի մասին ես առաջին անգամ լսել եմ Նախախորհրդարանի գրասենյակում, Ժիրայր Սեֆիլյանն ինձ առաջարկել է խումբ ստեղծել դրա շուրջ աշխատելու համար: Էս իշխանությունը որտեղ մի բան դուրսը գալիս ա, վերցնում ա, թե նոր բան հայտնաբերեցին: Գողացել ա, հիմա դրոշ սարքած պտտում ա»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը