Օրենքը նպատակ ունի լուծելու տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրները. Պաշտպանության փոխնախարար

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 13:08
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային մեծ հետաքրրքությունը, հարկ է համարում ևս մեկ անգամ ասել, որ նախագծի շրջանակներում մի շարք նորամուծությունները նպատակ ունեն լուծելու տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրները:

«Մասնավորապես, պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով ծառայությունից ազատվելու իրավունքը: Միաժամանակ, մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020 թվականի վերջը: Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման տարկետման իրավունքով, ի դեմս բապալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն և զորակոչից հետո կկնքեն պայմանագրային սպայական ծառայություն անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով՝ ՊՆ նշած վայրում ու պայմաններով ծառայելու համար»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, նրա խոսքով, ծավալուն փոփոխություններ են նախատեսվել զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտման կարգերը, զինվորական ծառայության հետ խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամամբ՝ ներկայիս նախարարի հրամանի փոխարեն:

Ամենաընթերցվածը