Ջեբկիրներ, գազի վրա սարքած Մանումենտի դղյակներ. Ծառուկյան դաշինքի հարվածը վարչապետին ու Պեկ նախագահին

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 10:55
Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները բարձրացրեցին տոնավաճառների առևտրականների մոտ հարկային ստուգումների հարցը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ այսօր առավոտյան տոնավաճառների մի քանի հազար աշխատակիցներ իրենց ստորագրությամբ նամակ են հանձնել ԱԺ չորս խմբակցություններին՝ բարձրացնելով հարկային մարմինների գործելաոճի հարցը:

«Ես համապատասխան գրությամբ դիմել էի Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետին: ՊԵԿ նախագահից ստացել եմ պատասխան՝  կապված հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության հետ: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ կյանքը, օրենքները և պրակտիկան տարբեր բաներ են: Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, հաճախորդներին ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ մեր առևտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Մենք կարծում ենք, որ իրավունք չունեն օրենքին հակասող խուզարկություն ու վարչարարություն իրականացնելու»,- ասաց Մելքումյանը: 

Նրա խոսքով՝ բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզության ծառայության աշխատակիցները մարդկանց վրաերթի են ենթարկում, եղել են մի քանի բախումներ:

«Եթե այնտեղից պետք է հավաքեն մի քանի տասնյակ միլիոն դրամ ավելի հարկեր, դա չպետք է հակադրել սոցիալական խնդիրներին: Մենք տեղերը ցույց ենք տալիս՝ առաջին մեծ տեղը, որ պետք է գնա հարկային ծառայությունը նայի, դա գազամատակարարման ու գազաբաշխման համակարգն է: Այդ ոլորտում 7-8 տոկոս կորուստները չեն իջնում, Գազպրոմը ներդրումներ չի կատարում այդ կորուստներն իջեցնելու համար: Դա տարեկան 150 մլն խմ գազ է կամ 55 մլն դոլար: Թող գնան կալորիականությունը ստուգեն, որ մարդիկ էսօր տներում սառում են, գազը չի տաքացնում: Մենք առաջարկում ենք, որ անհապաղ ստեղծենք գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով, մեր պատգամավորների ստորագրությունները բավարարում են, հետո կանցնենք առաջ և կտեսնենք, թե որտեղից պետք է հարկերը հավաքենք», ասաց Մելքումյանը:

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղի ունեցող իրադարձությունները «հարկային տեռոր» որակեց:

«Բացահայտ տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: Էն ինչ այսօր անում են պատկան մարմինները, բացաձակ անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել, նման իրավասություն որևէ կառույց չունի: Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ գազի, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ: Կառավարությունը, որը տապալել է իր ողջ գործունեությունը, պետք է ճիշտ տեղն իմանա, թե որտեղ պետք է գնա: Գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մանումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա լուրջ հետևանքների մասին: Մանումենտի դղյակներ գնացեք, այնտեղ փնտրեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ», կոչ արեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձում էր սաստել Ծառուկյան դաշինքի պատգամավորներին: Հերթով ելույթ ունեցան և հարցը բարձրացրեցին նաև դաշինքի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Իվետա Տոնոյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը:

Շարմազանովը հանձնարարում էր անջատել նրանց խոսափողները՝ նշելով, որ հարցն օրակարգի հետ կապ չունի: Աղմուկ-աղաղակ բարձրացավ, պատգամավորները առանց խոսափողի գոռգոռում էին ու շարունակում իրենց ելույթը:

Դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել՝ հարցը ներառել օրակարգ ու լսել:

«Մի բան պետք է չմոռանալ, եթե մի քանի հազար մարդու հուզող խնդիր կա, ԱԺ-ն այդ խնդիրներից խուսափելու իրավունք չունի: Չգիտե՞ք, թե որտեղ են եկամուտները, որը պետք է հարկեք: Ինչ-որ մարդկանց ջեբկիրությունը թարգել է պետք, վերջացրեք»,- կոչ արեց Զուրաբյանը:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց խմբակցությունն այսօր առավոտյան ստացել է առևտրականների նամակը, իրենք դեմ են ցանկացած տեսակի տեռորի:

«Այստեղ հնչեցին առաջարկություններ՝ ստեղծել հանձնաժողովներ՝ գազի ու բենզինի ոլորտում իրավիճակն ուսումնասիրելու: Մենք միանշանակ կողմ ենք նման նախաձեռնություններին և համապատասխան նախաձեռնությունների դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակին, մենք այդ դիմումներին սահմանված կարգով ընթացք կտանք և խնդրով լրջորեն կզբաղվենք», ասաց Փաշինյանը:

Ամենաընթերցվածը