Սահմանադրական դատարանը լեգիտիմացրեց Վանաձորի քաղաքապետին

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 10:44
Սահմանադրական դատարանը «բավարարել» էր Լուսավոր Հայաստան կուսակցության հայցը եւ կայացրել որոշում, որով անօրինական է ճանաչել Վանաձորի ավագանու որոշումները: ՍԴ-ն ժամանակ է տվել շտկելու այս խնդիրները:

ՍԴ որոշումը մեկնաբանվեց հիմնականում այն տեսանկյունից, թե ընդդիմությունը հաղթել է: Սա «ընթացիկ մոմենտի» տրենդն է, որը ձեռնտու է թե իշխանությանը, թե ընդդիմությանը: Բացի այդ, տարածված է կարծիք, թե իշխանությունն այդպիսով հնարավորություն է տվել Գագիկ Հարությունյանին գեղեցիկ հեռանալ պաշտոնից, բարձր նոտայով, կայացնելով արդարացի որոշում: Նրա թոշակի տարիքը լրանում է մարտին:

Մի խոսքով, ամեն ինչ թղթերով կարգին է: Մինչդեռ, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանը նման բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվել են ներքաղաքական թնջուկներին, այդպիսով հանգուցալուծելով իրավիճակը: Այդ որոշումներից սովորաբար ոչ ոք գլուխ չէր հանում, եղած մեկնաբանություններն էլ շատ չէին տարբերվում վանաձորյան որոշման վերաբերյալ կարծիքներից:

Փոխարենը, ՍԴ-ն այդ որոշումներով լիցքաթափում ու փաստացի հանգուցալուծում էր իրավիճակը, որից հետո տեղի ունեցող իրադարձություններն արդեն որեւէ արդյունք չէին տալիս:

Վանաձորի կապակցությամբ տեղի է ունեցել նույնը. ՍԴ որոշումով վերացվելու են այն բոլոր իրավական խոչընդոտները, որոնց բախվել է ավագանին: Հիշեցնենք, որ ավագանին նիստեր է անում քվորումի բացակայության պայմաններում, քանի որ ԲՀԿ, ՀՎԿ եւ ԼՀ ավագանիները չեն մասնակցում նիստերին:

ՍԴ որոշումից հետո այս խնդիրն էլ կլուծվի: ԶԼՄ-ներում այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կզբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը, Գագիկ Հարությունյանի հեռանալուց հետո, իսկ ՀՎԿ ավագանիներն էլ կմասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին:

Ըստ էության, ՀՎԿ ավագանիների մասնակցության հնարավորությունն Արթուր Բաղդասարյանն ակնարկել էր ավելի վաղ: Երեւի սպասում էր Սերժ Սարգսյանի հետ համաձայնության կայացմանը:

Ամենաընթերցվածը